Նորություններ
23/04/2024
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2023թ. գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2023թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: 

Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  1. «Հայաստանի ժայռապատկերները. կենդանի բնություն» (զեկ.` պ.գ.թ. Կ.Ս. Թոխատյան)
  2. «Գլխուղեղի կալիումական անցուղիները որպես դեղերի թիրախ» (զեկ.` կ.գ.թ. Վ.Ա.Վարդանյան)
  3. «Նորագույն SFCO տեխնոլոգիայի կիրառումը բժշկակենսաբանության և ճարտարագիտության մեջ» (զեկ.` կ.գ.թ. Ա.Ս.Խաչունց)
  4. «Ադենոզին դեամինազը և արթրիտները» (զեկ.` կ.գ.թ. Ա.Ա.Անտոնյան)
  5. «Հայաստանի հողերի երկրաքիմիական ատլասի ստեղծում. առկա և բացակա տվյալներ» (զեկ.` կ.գ.թ. Գ.Հ.Տեփանոսյան)
  6. «Մանրէների կուլտուրայի ազգային հավաքածուն. գիտապրակտիկական նշանակությունը և հեռանկարները» (զեկ.` կ.գ.թ. Վ.Ա.Բագիյան)
  7. «Հայաստանի ֆլորայի և բուսականության» էքսպոզիցիոն հողամասի դերը և հեռանկարները» (զեկ.` կ.գ.դ. Ժ.Ա.Հակոբյան)
  8. «Կենդանիների սեռական բջիջների բջջագենոմիկան և հիբրիդոգեն էվոլյուցիան Հայաստանում (Сytogenomics of animal germ cells and hybridogenous evolution in Armenia)» (զեկ.` կ.գ.դ. Վ.Սպանգենբերգ)

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ 

Բաժանմունքի կազմում ընդգրկված են 6 ակադեմիկոս, 8 թղթակից և 27 արտասահ-մանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: 

2023թ․ տպագրվել է 274 հոդված (215-ն՝ արտասահմանում), 93 թեզիս (72-ն՝ արտասահմանում), 17 մենագրություն, 3 ուսումնական ձեռնարկ, հատկացվել է 3 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 44 միջոցառում, որոնց մասնակցել է 1506 մարդ (258-ն՝ արտերկրից): 

Բաժանմունքի գիտահետազոտական կենտրոնների գիտական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

  • Մշակվել են ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզի նոր մեթոդներ
  • Գենաինժեներային մեթոդներով ստացվել է α-ամիլազ արտադրող Bacillus subtilis ռեկոմբինանտ շտամը 
  • Ստացվել են Phaffia rhodozyma խմորասնկի մի շարք հեռանկարային մուտանտներ, որոնք 26-28°C սինթեզում են 3 գ/լ աստաքսանտին
  • Մշակվել է քիրալային միացությունների C,H,N,S էլեմենտային անալիզի մեթոդ, որը նպաստել է կվարցե ռեակտորի շահագործման ժամկետների զգալի երկարացմանը
  • Իրականացվել է Lactobacillus և Enterococcus ցեղի կաթնաթթվային շտամների սինթեզած կենսաբանորեն ակտիվ մետաբիոտիկների համեմատական բնութագրում` կախված սննդային միջավայրի բաղադրությունից
  • Մշակվել է սև հաղարջի, մոշի, հապալասի պտուղներում ու դրանցից ստացվող լուծամզվածքներում «մերտիլենի» քանակության որոշման վալիդացված մեթոդ 
  • Ստեղծվել է ազոտֆիքսող սիմբիոտիկ բակտերիաների ու ցիանոբակտերիաների կոնսորցիում, որը համապատասխանաբար 1.5 և 2.0 անգամ ավելացնում է ոսպի ու սիսեռի բույսերի աճի ցուցանիշները
  • Պղնձի խտանյութի նախամշակումն ակտիվացված ածուխի վրա իմոբիլիզացված Leptospirillum ferriphilum CC-ի միջոցով ստացված կենսածին Fe3+-ով թույլ է տալիս դրա հետագա կենսատարրալուծման ընթացքում մոտ 2 անգամ մեծացնել պղնձի կորզման արդյունավետությունը
  • Հայտնաբերվել է L-գլուտամին (մոտ 15.3 գ/լ) և L-արգինին (24.4 գ/լ) ամինաթթուներ արտադրող հեռանկարային B. flavum MDC5090 շտամը 
  • Համագործակցության պայմանագիր է կնքվել  «GECCO INT.» ՍՊԸ (Ավստրիա) ընկերության հետ, որի շրջանակում նախատեսվում է կենտրոնում  ստեղծել  բնական բուսական ու եթերային յուղերի արտադրության հոսքագիծ: Սկսվել է գեղարարական ու սննդային նշանակության ավելի քան 20 տեսակի պատրաստուկների փորձնական արտադրությունը
  • «Thomas GMHB sp.z.o.o» (Լեհաստան) և «ZARETIS s.r.o.» (Չեխիա) ընկերությունների հետ կնքվել են կենտրոնում արտադրվող «Նարինե» ու «Նարարգին» ապրանքատեսակների արտահանման պայմանագրեր
  • Շարունակվել է Lactobacillus acidophilus MDC9602 և L. rhamnosus MDC9631 կաթնաթթվային բակտերիաների հիման վրա «Նարարգին» կենսաբանական ակտիվ հավելման արտադրությունը
  • Շարունակվել է «Նարինե» ֆերմենտացված կաթնամթերքի և նրա լիոֆիկացված փոշու արտադրությունն աղիքային պատիճների տեսքով
  • Շարունակվել է գյուղատնտեսության համար «Էկոբիոֆիդ» ու «Էկոբիոֆիդ+» կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը
  • Շարունակվել է պատրաստուկների արտադրությունը՝ ջրածնի պերօքսիդ, բորաթթու, մագնեզիումի սուլֆատ, կալիումի պերմանգանատ, ամոնիումի ջրային լուծույթ, գերչակի յուղ, գլիցերին, 5% յոդի լուծույթ
  • Շարունակվել է բնական բուսական յուղերի՝ չիչխան, կտավատ, տատասկափուշ, նուշ, սպիտակ ու սև քունջութ, ծիրան, դեղձ, սև չամանի, դդմի սերմի, սալոր, արտադրությունը։

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն

  • Միջգիտակարգային հետազոտությունների շրջանակում առաջին անգամ փորձ է արվել գնահատել և գիտականորեն հիմնավորել «կանաչ պատի»՝ որպես աղտոտման հետ կապված ռիսկերի նվազմանն ուղղված բնահեն լուծման արդյունավետությունը: Երևանի նախադպրոցական հաստատություններից մեկում տերևների 1915 փոշու մասնիկների (ՓՄ) մանրադիտարկումը ցույց է տվել, որ դրանց 76.6%-ը 2.5-10 մկմ չափի են, իսկ 16.2%-ը՝ ավելի փոքր: Հայտնաբերված Si, Al, Fe, Mg, K, Cl և Ca-ի համար վեր է հանվել, որ  հետազոտված բոլոր մասնիկները խմբավորվում են երկու կլաստերներում` առաջինը կարբոնատների, երկրորդը ալյումոսիլիկատների ու երկաթի օքսիդ/երկօքսիդների հետ կապակ-ցված: Մասնիկներում հայտնաբերվել են նաև Mo, Cu, Ba, Zn  և Cr, որոնց առավել մանրամասն մանրադիտարկումը ցույց է տվել, որ այս տարրերը կապված են մետաղաձուլության, տրանսպորտային արտանետումների, անվադողերի մասնիկների ու շինարարական ներկերի հետ: Հաստատվել է, որ բնահեն լուծման կիրառությունից հետո բակի փոշու մեջ Cu-ի պարունակությունները նվազել են փողոցի փոշու համեմատ, որը փաստում է բնահեն լուծման որոշակի դրական ազդեցության ու արդյունավետության մասին: Փողոցի ու բակի փոշու մեջ տարրերի պարունակությունները երեխաների համար ներկայացնում են առողջական ռիսկ, ինչի մեջ հատկապես մեծ մասնաբաժին ունի Cr-ը, և «կանաչ պատը» կոչված է նվազեցնելու այդ ռիսկը 
  • Սննդամթերքի սպառման ու քիմիական վտանգների պարունակության տվյալների համադրմամբ՝ ներգործության ու ռիսկի գնահատման և բնութագրման աշխատանքների համաձայն ուսումնասիրված մեղրի նմուշների, ինչպես նաև ՀՀ արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձկան որոշ նմուշներում հայտնաբերվել են մնացորդային քանակություններով հակամանրէային նյութեր՝ նիտրոֆուրանի մետաբոլիտներ: ՀՀ-ում արտադրված մեղրի մեջ ուսումնասիրված 10 հակաբիոտիկից հայտնաբերվել են տետրացիկլինի, սուլֆադիազինի, բենզիլպենիցիլինի, ստրեպտոմիցինի ու սալինոմիցինի մնացորդային պարունակություններ: Բնակչության համար հակաբիոտիկների ներգործությամբ պայմանավորված քրոնիկ ռիսկերը թույլատրելի տիրույթում են, բայց դրանց առկայությունը կարող է խոչընդոտել մթերքի արտահանման գործընթացը
  • Լանդշաֆտների էկոլոգիական մոնիթորինգի հեռազննման համակարգի ստեղծմանն ուղղված Հայաստանում արբանյակային լուսանկարների հավաքագրման ու մշակման բազմաչափ տեղեկատվական համակարգում (http://datacube.sci.am) ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ժնևի համալսարանի (Շվեյցարիա) հետ համատեղ փորձ է արվել համակարգում ներդնել Sentinel 5P արբանյակային պատկերների վիզուալիզացման ու մշակման ծառայություն։

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

  • Սևանա լճում որպես  էվտրոֆացման դրսևորումներ դիտվել են աննախադեպ վերակառուցումներ, մոնոդոմինանտների առաջացում և որոշ հիմնական խմբերի դերի նվազեցում պլանկտոնում։ Բացահայտվել է, որ լճի ֆիտոպլանկտոնի զարգացման առանձնահատկություններից են ամառային համատարած ցիանոբակտերիաների ծաղկման բացակայությունը, կանաչ ջրիմուռների գերակայումը տարբեր սեզոններին
  • Գնահատվել է ֆիտոպլանկտոնի համախառն առաջնային պրոդուկցիան և դրա սպառման հնարավորությունները սննդային շղթայում
  • Նկարագրվել է գիտության համար նոր անողնաշարների 6 տեսակ Հայաստանից ու 14՝ այլ կենդաշխարհագրական մարզերից, հայտնաբերվել է ՀՀ ֆաունայի համար նոր 73 տեսակ, գրանցվել` 5 ինվազիվ տեսակ
  • Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում գրանցվել է ջրային ողնաշարավոր կենդանիների թվի կտրուկ նվազում, մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերի ու ջրաճահճային ֆաունայի բազմաթիվ ներկայացուցիչների անհետացում՝ կապված խոնավ բիոտոպների չկարգավորված դրենաժի հետ։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում հայտնաբերվել են Դարևսկու իժի նոր ապրելավայրեր
  • Հայաստանում առաջին անգամ Տաշիրի տարածաշրջանում հայտնաբերվել են ճագարների դիկրոցելիաների ձվեր, ավազանային տնտեսություններում առաջին անգամ կարմրախայտի մոտ գրանցվել է Bunodera luciopercae տեսակի տրեմատոդը։ Toxoplasma gondii գենատիպավորման արդյունքում նույնականացվել է միջին ու թույլ ախտածնությամբ օժտված երկու գենոտիպ
  • 2023թ․ սիգի արդյունագործական ընդհանուր պաշարը Սևանա լճում կազմել է 513.11տ։ Հաշվի առնելով վերջին տարիներին դիտվող ընդհանուր պաշարների ու արդյունագործական չափի ձկների դինամիկան՝ սիգի որսի թույլատրելի որսաչափը 2024թ. գարուն-ամառ ժամանակահատվածի համար սահմանվել է արդյունագործական պաշարի մոտ 50%-ի չափով՝  257տ
  • Սևանա լճում խեցգետնի կենսազանգվածը նախորդ տարվա համեմատ աննշան աճել է՝ հավասարվելով 95 տոննայի։ Պոպուլյացիայի սահմաններում հիվանդ կենդանիների մասնաբաժինը մնացել է գրեթե անփոփոխ՝ 6.4%։ Լճի խեցգետնարդյունավետությունը վերականգնելու նպատակով առաջարկվել է արգելել խեցգետնի որսը
  • Մշակվել է ակտիվ ռեկրեացիոն գոտիների փոքր լեռնային գետերի ավազանում մշակութային էկոհամակարգային ծառայությունների ներուժի գնահատման մեթոդաբանություն
  • Ստեղծվել է ջրիմուռների հավաքածու 27 ցեղի 180 տեսակի ջրիմուռներից, որոնք անջատվել են Սևանա լճի ափամերձ ու խորքային  հատվածների ջրային նմուշներից
  • Հայաստանի հյուսիսային որոշ գետերի ու Սևանա լճի  արևելյան ափի ռեկրեացիոն գոտու ջրերում հաստատվել է մարդու առողջության համար վտանգ ներկայացնող նախակենդանիների առկայությունը
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն են տրամադրվել 2023-2024թթ․ որսաշրջանի համար որսատեսակների ցուցակը, օգտագործման թույլատրելի չափաքանակների, տարածքների ու ժամկետների տվյալները։

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ

  • Հայաստանի ֆլորայի համար հայտնաբերվել է բույսերի 3 նոր տեսակ` Malva mauritiana, Alcea persarum, A. wilhelminae
  • Հայաստանի Հիրիկազգիների ներկայացուցիչների համար պալինոտաքսոնոմիական վերլուծության արդյունքում առաջին անգամ կազմվել է բանալի (ենթաընտանիքների, ցեղերի, որոշ դեպքերում տեսակների մակարդակով)՝ կիրառելով ծաղկափոշու հատկանիշները
  • Հայտնաբերվել և ուսումնասիրվել է Ապարան-Հանքավան ուղղությամբ գտնվող լեռնահամակարգում Vaccinium myrtillus-ի, Սյունիքի մարզի Ձորաստան գյուղի մերձակայքում ռելիկտային Dentaria quinquefolia-ի և Լոռու մարզում Vaccinium uliginosum տեսակների մեկական նոր տեղավայր
  • Բացվել է Բուսաբանական թանգարանը, որտեղ ցուցադրվում են ՀՀ տարածքի ժամանակակից ու անցյալ երկրաբանական դարաշրջաններում աճած բրածո, ինչպես նաև ժամանակակից բույսերը: Ստեղծվել է տվյալների բազա, որն ընդգրկում է մոտ 1300 անվանում
  • Հայաստանի Ֆլորայի սերմերի բանկում (SBAF) պահպանվում են 120 ընտանիք, 630 ցեղ, 1620 տեսակ, մոտ 2700 նմուշ, որոնցից 90-ը կարմիրգրքային տեսակներ են։ Իրականացվել է միջազգային Caryophyllaceae checklist համացանցային կայքում տաքսոնոմիական ու նոմենկլատուրային տվյալների համալրում Բեռլինի Բուսաբանական այգու (Գերմանիա) հետ համագործակցության շրջանակում
  • Կատարվել է կենսաբազմազանության համաշխարհային տեղեկատվական ֆոնդում (GBIF) տպագրված Հայաստան ներմուծված բուսատեսակների տվյալների բազայի համալրում, որը ներկայում ընդգրկում է շուրջ 700 օտարածին տեսակ։ Արդյունքները ներառվել են Անդրկովկասի  բուսականության տվյալների բազայում (Transcaucasian Vegetation Database – a phytosociological database of the Southern Caucasus)
  • Գնահատվել են Հայաստանի չորային շրջաններում բնիկ քսերոֆիլ գեղազարդ բույսերի օգտագործման հեռանկարները կանաչապատման նպատակով: Տպագրվել է մենագրություն, որտեղ ներկայացվել են Հայաստանի ֆլորայի 135 ցեղի ու 46 ընտանիքի պատկանող 196 տեղածին գեղազարդ բույսերի մորֆոլոգիական բնութագրերի, աշխարհագրական բաշխման, աճելավայրերի, ծաղկման ժամկետների, կիրառման ու մշակման եղանակների վերաբերյալ գիտական տվյալները:

ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ

  • Հայտնաբերվել է, որ մորինգայի (Moringa oleifera Lam.) չոր տերևների առավելագույն բերք ապահովելու համար անհրաժեշտ է կիրառել N43:P35:K22 ատոմ% հարաբերակցությամբ սննդալուծույթ: Տվյալների մաթեմատիկական մոդելավորմամբ դուրս է բերվել մորինգայի բերքատվության բարձրացման գծային ռեգրեսիայի հավասարումը՝ y=161.37-1.49x, որը ցույց է տալիս բերքատվության ու սննդալուծույթում NPK-ի հարաբերակցության մաթեմատիկական կապը
  • Պարզվել է, որ սովորական եղերդակի (Cichorium intybus L.) արմատամերձ միջավայրում Ղրիմի գյուղատնտեսության գիտահետազոտական ինստիտուտի միկորիզային պատրաստուկի (Rhizophagus irregularis P3) կիրառումը սննդալուծույթում P-ի պարունակության 88% նվազեցման դեպքում (ստուգիչի համեմատ) նպաստել է բույսերի արմատների չոր քաշի 3.6 և արմատներում ինուլինի պարունակության 1.4 անգամ ավելացմանը
  • In vitro մշակույթում ցանովի զաֆրանի (Crocus sativus L.) համար լավագույն սննդամիջավայր է հանդիսացել 3% սախարոզով 0.5 ՄՍ սննդամիջավայրը, որտեղ ԲԱՊ 1.0 մգ/լ, ԻԿԹ և GA3 0.5 մգ/լ խտությունները խթանել են նոր պալարասոխուկների ձևավորումը
  • Ինստիտուտի տարածքում մշակված մի շարք դեղաբույսեր, ըստ գումարային β-ռադիոակտիվության, հիդրոպոնիկայում ու հողում կազմել են հետևյալ նվազող շարքը՝ աշվագանդա>նրբածաղիկ ռեհան>հազրեվարդ, բանջարաբույսերը՝ կծու տաքդեղ>սիսեռ>ոսպ
  • Առաջին անգամ Հայաստան են ներմուծվել ու անհող պայմաններում փորձարկվել արժեքավոր դեղաբույսեր հուրանային ծնեբեկը (շատավարի, Asparagus racemosus Willd.) ու սաղավարտուկը (Scutellaria lateriflora L.): Վայրի ուտելի բույսեր մանրապտուղ բոխին ու սովորական սիբեխը (Falcaria vulgaris Bernh.) առաջին անգամ ներմուծվել են հիդրոպոնիկ մշակույթ, որոնք հարմարվել են Արարատյան դաշտի անհող պայմաններին: Առաջին անգամ հիդրոպոնիկ մշակույթ է ներմուծվել նաև պիրականտա (Pyracantha M. Roem.) թուփը, աճեցվել է մոտ 60 տնկի, որոնք ունեն գեղազարդ նշանակություն ու լայնորեն կարող են կիրառվել Երևան քաղաքի կանաչապատման մեջ
  • Մի քանի գաճաճ տեսակի հուդայածառի բուսակներից ստացվել են հյուսված բուսակներ, որոնք ունեն գեղազարդ կիրառական նշանակություն և կարող են կիրառվել կանաչապատման մեջ։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

  • K. pneumoniae կլինիկական իզոլյատների շարքում բացահայտվել է կարբապենեմների նկատմամբ կայունության բարձր տարածվածություն (15%): Ամբողջական գենոմի վերլուծության արդյունքում պարզվել է կարբապենեմակայուն K. pneumoniae շտամների պատկանելությունը միջազգային բարձր ռիսկային կլոնների ST395 և ST15 սեքվենս տիպերին, որոնք նաև օժտված են հակաբիոտիկների նկատմամբ լայն կայունության (XDR) ֆենոտիպով
  • Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ իրականացվել է ՀՀ չորս մարզերի վայրի խաղողի գենետիկական ռեսուրսների մոլեկուլային նույնականացում ու փաստագրում։ Նույնականացված վայրի բույսերի համար ստեղծվել են ֆենոտիպային ու գենետիկական անձնագրեր, որոնք կներբեռնվեն ՀՀ Vitis տվյալների բազա (www.vitis.am): ՀՀ խաղողի ազգային կոլեկցիոն այգում իրականացվել է խաղողի վիրուսների մոլեկուլային նույնականացում ու բնութագրում
  • Ժամանակակից ու հնագույն ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմային սեքվենավորման արդյունքները վկայում են նեոլիթյան ժամանակներից ի վեր տարածաշրջանի բնակչության ժառանգական շարունակականության մասին՝ հերքելով հայերի բալկանյան արմատների վարկածը
  • Պան-քաղցկեղային հետազոտություններում ցույց է տրվել, որ թելոմերների երկարության պահպանման մեխանիզմների բարձր ակտիվությունն ասոցացվում է ցածր ապրելիության հետ՝ անկախ քաղցկեղի տեսակից
  • Ստեղծվել են մոլեկուլների քաղցկեղածին ակտիվության կանխագուշակման մոդելներ՝ մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության ալգորիթմների կիրառմամբ, որոնց հիման վրա մշակվել է քաղցկեղածին ռիսկի գործակիցը, որի կանխագուշակիչ ճշգրտությունն ավելի բարձր է ստանդարտ in vitro/in vivo մոդելների համեմատ։ Մոլեկուլային տրանսֆորմեր թարգմանչական ալգորիթմի կիրառմամբ ստեղծվել է մետաբոլիտների կանխատեսման մոդել, որն ունակ է կանխատեսել քիմիական միացությունների՝ մարդու լյարդում կենսատրանսֆորմացիայի արդյունքում ստացված հնարավոր մետաբոլիտները
  • Denovo Sciences ընկերության մոլեկուլների նախագծման հարթակի կիրառմամբ ստեղծվել են քիմիական նոր միացություններ, որոնք փոխազդում են գրիպի A և B վիրուսների նեյրամինիդազ ֆերմենտի հետ։ Երկու լավագույն միացությունները ցույց են տվել հակավիրուսային բարձր ակտիվություն փորձարկված բոլոր վիրուսային շտամերի դեմ, այդ թվում՝ օսելտամիվիրի նկատմամբ կայունություն ցուցաբերող շտամի
  • Մշակվել է ընտանեկան միջերկրածովյան տենդի պատճառ հանդիսացող MEFV գենում մուտացիաների նանոպորային սեքվենավորման մեթոդ, ստացվել է արտոնագիր։

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ

  • Առաջարկվել են նյարդադեգեներատիվ, քաղցկեղային, աուտոիմուն ու բորբոքային հիվանդությունների դեպքում հետազոտված կենսաբանորեն ակտիվ միացությունները որպես հիվանդությունների կանխարգելման ու բուժման միջոցներ
  • Ցույց է տրվել, որ մարդու էրիթրոցիտներից, ցուլի թոքից մաքրած ու ցիտրուլինացրած ադենոզինդեամինազի (ԱԴԱ) պոլիկլոնալ հակամարմինների իմունափոխազդեցությունը ռևմատոիդ արթրիտով հիվանդների սինովիալ հեղուկի ցիտրուլինացված ԱԴԱ-ի հետ հանդիսանում է ռևմատոիդ արթրիտի ախտորոշման ցուցանիշ
  • Ցույց է տրվել, որ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում սինթեզված 100-ից ավել միացություններից 6-ն ընկճում են ԱԴԱ-ի ակտիվությունը և կարող են հիմք հանդիսանալ հակաշաքարախտային ու հակաբորբոքային դեղամիջոցների ստեղծման համար
  • Ցույց է տրվել, որ կատիոնային պորֆիրինների հետ հիալուրոնաթթվի կապման արդյունքում ստացված կոմպլեքսները կարող են հաջողությամբ օգտագործվել ուռուցքների թիրախային ֆոտոդինամիկ թերապիայում
  • Հեմոստազի ցուցանիշների վրա ամինաթթվային խառնուրդի (ԱԹԽ) ակտիվության հետազոտություններից պարզվել է, որ արյան ընդհանուր մակարդելիության ու ռեկալցիֆիկացման ժամանակը երկարում է 48%-ով, պրոթրոմբինային ժամանակը` դանդաղում 2-4անգամ: ԱԹԽ-ն իր առավելագույն ակտիվությունը ցուցաբերում է պրոթրոմբինային կոմպլեքսի ու ակտիվ թրոմբինի առաջացման փուլում: Այն ազդում է լյարդում արյան մակարդման գործոնների սինթեզի վրա և պակասեցում է ֆիբրինոգենի քանակը
  • Մշակվել է լեկտինային տրանսպորտային համակարգ քաղցկեղային ու բակտերիալ բջիջներին դեղամիջոցների թիրախային առաքման նպատակով, որը կազմված է բակտերիա ճանաչող ցորենի լեկտինից, հակաբիոտիկներով լիցքավորված ֆերիտինից: Այն 10 անգամ ավելի արդյունավետ է սովորական հակաբիոտիկից
  • Քաղցկեղային բջիջների նկատմամբ խնամակցությունը որոշելու համար սինթեզվել են կոլոիդ արծաթի մի շարք գլիկոնանոմասնիկներ, որոնք օգտագործվելու են հակաքաղցկեղային դեղամիջոցների հետ` դրանց արդյունավետությունը բարձրացնելու ու կողմնակի ազդեցությունը նվազեցնելու նպատակով
  • Ուսումնասիրվել են քաղցկեղային բջիջների տեսանելիության ու թերապիայի համար սինթեզած հեռանկարային Se տիպի AuSe, AgSe, ZnSe, CuSe,խիտոզան-Se նանոմասնիկների ֆլյուորեսցենտային հատկությունները, որոնք տեսանելիից մինչև ինֆրակարմիր տիրույթ ունեն գրգռումից կախված ֆլուորեսցենցիա
  • Ընտրվել են պրոբիոտիկներ Lactobacillus acidophilus ПНМИА 9602, L.rhamnosus V 300, L.caseiВКПМ В-7657 շտամները, որոնք աճեցվել են կաթի, կաթնային շիճուկի ու MRS Broth սննդամիջավայրերում, որոշվել են բակտերիաների թիվն ու հակամանրէային հատկությունները: Այդ շտամների բակտերիոցինները ցուցաբերում են բարձր հակամանրէային հատկություններ Staphylococcus aureus, E.coli ախտածին մանրէների, Candida albicans-ի նկատմամբ և կարող են առաջարկվել նշված ախտածիններով պայմանավորված հիվանդությունների բուժման համար:

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

  • Կատարվել է Macrovipera lebetina obtusa օձի թույնի տարբեր բաղադրամասերի նշանակության գնահատում հեմոռագիայի առաջացման ժամանակ, և դրանց սիներգիկ ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություն: Բացահայտվել են «Դիաբեֆիտ» բուսական հավաքածուի պաշտպանիչ ներուժի ցուցիչները՝ գլխուղեղի նեյրոնային ցանցերի ֆունկցիոնալ էլեկտրաֆիզիոլոգիական, ինչպես նաև միկրոանոթային հունի խաթարումների պայմաններում` պայմանավորված նյութափոխանակային համախտանիշով։ Բակտերիալ մելանինի (ԲՄ) հիստոքիմիական հետազոտություններից ստացված տվյալները վկայում են նրա հակաօքսիդանտ ու անոթապաշտպան ազդեցությունների մասին
  • Վարքագծային թեստերը ցույց են տվել ԲՄ կիրառված բոլոր չափաբաժինների դրական ազդեցությունը: ԲՄ-ի ու սինեստրոլի համակցված ներարկմամբ ռոտենոնային մոդելի վրա իրականացված հետազոտությունները ցույց են տվել սինեստրոլի դրական ազդեցությունը: Առնետների մոտ Ալցհեյմերի հիվանդության մոդելի վրա գալարմինի ազդեցության ներքո կատարված հետազոտությունները վկայում են, որ գալարմինը ցուցաբերում է անոթա- ու նյարդապաշտպան ազդեցություն։ «Խնկածաղիկ սովորականի» սպիրտաջրային լուծամզվածքի հետազոտությունը ցույց է տվել հավաստի հակաբորբոքային, հակացավային ու MCF-7 բջջային գծի վրա հակաքաղցկեղային ազդեցություն (IC50–ը 24 ժամ հետո կազմել է 1.629 մգ/մլ)
  • Մշակվել է խնկածաղկի եթերայուղի ու գյուրզային թույնի հակացավային ու հակաբորբոքային համակցված պրեպարատի երկու դեղաձև՝ ներարկման լուծույթ ու քսուք: Քսուքը ցույց է տվել առավել արդյունավետ հակաբորբոքային ազդեցություն՝ նվազեցնելով կարագինանով ինդուկցված բորբոքային այտուցի ծավալը 24 ժամ հետո մոտ 49%-ով, չի առաջացրել ալերգիկ գրգռում։ Իրականացվել է արյան պլազմայից երկու կարևորագույն պատրաստուկների՝ ալբումինի ու նորմալ իմունոգլոբուլինի արտադրական տեխնոլոգիաների մշակում և փորձնական նմուշների ստացում՝ միջազգային համարժեք դեղամիջոցների ու Եվրոպական դեղագրքի պահանջներին համապատասխան։ Արդյունքում երկիրը կապահովվի միջազգային չափանիշներին համապատասխանող ու ավելի մատչելի դեղամիջոցներով: Կատարվել է դորզալ գանգլիոններից բջիջների կուլտուրաների ստացում, ապաբջջայնացված նյարդերի սկաֆոլդների համադրում գրաֆենի օքսիդի հետ։ Լաբորատոր կենդանիների վարքագծային ակտիվությանը հետևելու նպատակով մշակվել է SFCO սենսորներից ազդանշանների մշակման ծրագիր, որը թույլ է տալիս հաշվարկել կենդանու ծանրության կենտրոնի պրոյեկցիայի ընթացիկ կոորդինատները վանդակում տեղաշարժման մակերեսի հարթության վրա երկու փոխուղղահայաց առանցքների երկայնքով (X, Y) և արտացոլել կենդանու գտնվելու վայրը  1 մվրկ առավելագույն ճշտությամբ։ Ստեղծվել է մարդու կենսաէլեկտրական ազդանշանների մուլտիմոդալ հավաքման դյուրակիր համակարգ: 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2024թ.

Լուսանկարներ