Նորություններ
17/04/2024
«Ակադեմիական քաղաք» ծրագրում չկան մարզային գիտական կառույցներ․ ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն

Սույն թվականի ապրիլի 3-ին կայացած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում քննարկվեց ՀՀ պետական ԲՈՒՀ-երի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ և գիտաշխատողներ։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։

ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանն իր ելույթում ասաց․ «Տեղեկատվությունը մենք իմացանք համացանցից։ Դա լո՞ւրջ է։ Համացանցից իմանում ենք և սկսում ենք փնտրել, թե մեր ինստիտուտը որ կլաստերին է պատկանում։ Ո՞նց կարելի է նման ձևով։ Կարդալով տեղեկատվությունը՝ միանգամից հարց առաջացավ՝ մարզային գիտական կառույցներ ընդհանրապե՞ս չկան։ Մենք չգիտենք՝ տխրենք, թե ուրախանանք։

Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց 25 հազարից ավելի մարդ։ Այսօր մենք ավելի առաջնային խնդիրներ ունենք։ Երևանում խորհրդային տարիներին կառուցված շենքերը գտնվում են խոցելի վիճակում։ Մենք ունենք շենքերի տեխնիկական վիճակի զննության, անձնագրավորման հարց։ Եթե հանկարծ երկրաշարժ լինի, ի՞նչ պետք է լինի մեր վիճակը։ Ունենք համապատասխան գիտականորեն հիմնավորված սցենարներ, և նյութատեխնիկական բազա։ Դա ավելի կարևոր հարց է այս պահին։

Հայաստանի հյուսիսային տարածքում ինչ-որ պատվեր է լինում՝ երևանյան կազմակերպություննե՞րը պետք է գան, ուսումնասիրեն, եթե կա գիտական կազմակերպություն տեղում։ Կենտրոնացնել մի տեղ՝ ճիշտ չէ։ Ես չգիտեմ՝ ինչ որոշում կլինի, բայց մարզային գիտական կառույցները պետք է հատուկ կարգավիճակ ունենան։

Սպիտակի երկրաշարժից հետո 30 տարի տնակների մեջ ենք աշխատել, պահել ենք ինստիտուտը։ Հիմա ունենք նոր շենք, ժամանակակից սարքավորումներ, այդ շենքն ի՞նչ է լինելու։ Մեր ինստիտուտների աշխատակիցները դասավանդում են Շիրակի ԲՈՒՀ-երում։ Երկու միլիոն դոլարի սահմանում Չինաստանի մեր գործընկերների հետ ծրագիր ենք իրականացնում, Հայաստանում հիմնադրվում են սեյսմոերկրադինամիկական կայաններ, տվյալների հավաքագրման կենտրոնը լինելու է Գյումրիում։ Մենք պետք է գա՞նք մայրաքաղաք, դա ճի՞շտ կլինի։

Մեր ինստիտուտում ունենք մագիստրատուրա, ասպիրանտուրա, մասնագիտական խորհուրդ, բոլոր հնարավորությունները գիտակրթական ծրագրեր իրականացնելու համար։ Եկեք ինստիտուտում բազային ամբիոններ բացենք։ Շենքը կա, սարքերը կան, կօգնենք, ԲՈՒՀ-երն էլ կզարգանան»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
17․04․2024թ․