Новости
18/12/2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշում է հիմնադրման 80-ամյա հոբելյանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան նշում է հիմնադրման 80-ամյա հոբելյանը: Սույն թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24), կմեկնարկի հոբելյանական նիստ: Ակադեմիայի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու են ժամանել պատվիրակություններ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ)։

ՀՀ ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագրեր կստորագրի գործընկեր մի քանի ակադեմիաների հետ։

Հյուրերը հանդես կգան շնորհավորական ելույթներով, որին կհաջորդի ՀՀ ԳԱԱ աշխատակիցներին հոբելյանական հուշամեդալներով պարգևատրման արարողությունը։

Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերին ՀՍՍՌ կառավարության որոշմամբ՝ որպես բարձրագույն գիտական հաստատություն։ Այն կոչված է միավորելու գիտնականների ջանքերը հիմնարար հետազոտություններ իրականացնելու, տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնախնդիրների տեսական և գործնական լուծման և երկրի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կատարման համար:

Ակադեմիայի առաջին պրեզիդենտ է ընտրվել աշխարհահռչակ Էրմիտաժ թանգարանի տնօրեն Հովսեփ Օրբելին: Սկիզբ է դրվել բնագիտական գիտությունների զարգացմանը։ Ընդլայնվել են աշխատանքները բանասիրության, պատմության, լեզվաբանության բնագավառներում։ 

1947թ․ ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, հանրահայտ գիտնական Վիկտոր Համբարձումյանը: Նրա 46-ամյա ղեկավարման ժամանակահատվածում Հայաստանի գիտությունների ակադեմիան ունեցել է ծանրակշիռ ձեռքբերումներ, առաջատար դեր ստանձնել Խորհրդային Միության հանրապետությունների ակադեմիաների շարքում, ճանաչելի դարձել արտասահմանում:  

1993թ.` Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո, ՀԽՍՀ ԳԱ-ն վերանվանվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: 

Հայաստանի երրորդ Հանրապետության կազմավորման դժվարին ժամանակաշրջանում՝ 1993թ․, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ է ընտրվել ճանաչված պետական գործիչ, գիտության և գիտական արտադրության անվանի կազմակերպիչ Ֆադեյ Սարգսյանը: Տնտեսական վերափոխումներին զուգահեռ հույժ կարևոր էր հոգածությունը գիտության հանդեպ` պահպանել գիտական հիմնական ուղղությունները, գիտական ներուժը, նախկին գիտական կապերն ու համագործակցությունը: ՀՀ ԳԱԱ-ն անդամակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ընկերությանը, սկսել համագործակցել INTAS, ISTC, NATO, CRDF միջազգային կազմակերպությունների հետ: Ֆադեյ Սարգսյանի ղեկավարման տարիներին ընդունվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ԳԱԱ-ն ստացել է ՀՀ կառավարության խորհրդատուի հատուկ կարգավիճակ։

2006 թ. ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվել գիտության և կրթության ճանաչված կազմակերպիչ, ռադիոֆիզիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Մեծապես ակտիվացել է ակադեմիայի միջազգային համագործակցությունը: Նոր պայմանագրեր են ստորագրվել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ուկրաինայի, Լիտվայի, Ռումինիայի, Չինաստանի, Վրաստանի, Թուրքմենիայի, Ղազախստանի, Ղրղզստանի ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի Թագավորական Ընկերության, Ֆրանսիայի CNRS կենտրոնի, Ֆրանսիայի 9 գիտակրթական հաստատությունների, Հնդկաստանի MIT ինստիտուտների խմբի, Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի քաղաքային համալսարանի, Գերմանիայի Մաքս Պլանկ ընկերության հետ: ՀՀ ԳԱԱ-ն անդամակցել է «Գիտական միջազգային խորհրդին» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիային»:Ակադեմիան ակտիվ մասնակցել է «Հորիզոն 2020» ծրագրին։ Նախագծերի մեծ մասն իրականացվել է ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների կողմից:

Գիտատեխնիկական ներուժի ու հիմնարար գիտությունների արդյունքների կիրառական մշակման նպատակաուղղված օգտագործման համար ընդունվել է «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքը: 

2021թ․ ՀՀ ԳԱԱ նախագահ է ընտրվել գիտության, կրթության, արտադրության հմուտ կազմակերպիչ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Ներկայում Գիտությունների ազգային ակադեմիան շարունակում է զարգացնել գիտության տարբեր բնագավառներն ու գրանցել նվաճումներ, արդյունավետ համագործակցում է ԲՈՒՀ-երի, պետական կառույցների, ռազմաարդյունաբերական համալիրի, արտադրողների, տնտեսության պետական ու մասնավոր հատվածի, տեղական ու միջազգային գիտական կազմակերպությունների հետ։ Ակտիվ աշխատանքներ են տարվում կիրառական գիտական հետազոտությունների ուղղությամբ։

Ներկայում ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 30-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: Ըստ գիտության բնագավառների ՀՀ ԳԱԱ-ում գործում են Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների և Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքները:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.12.2023թ․