Новости
18/12/2023
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ է այցելել ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի։ 

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի ուղեկցությամբ չինական պատվիրակությունը ծանոթացավ ինստիտուտի արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի և հնեաբուսաբանական թանգարանի հավաքածուներին, էկոէպիկենտրոնի կարմիրգրքյան և վտանգված բուսատեսակներին։

Արսեն Գասպարյանը ներկայացրեց ինստիտուտի պատմությունը, գործունեությունը, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը։ Նա նշեց, որ 2022 թվականին այգին ունեցել է 90․800 այցելու, իսկ 2023 թվականին՝ արդեն 140․000 այցելու։ Այգում անցկացվող կրթական միջոցառումներին մասնակցել է շուրջ 10․000 դպրոցական։ Արսեն Գասպարյանը նշեց, որ այգում իրականացվում են լայնամասշտաբ վերականգնման աշխատանքներ, նախատեսվում է նաև ստեղծել Հայաստանում առաջին գիտության հանրահռչակման ինտերակտիվ կենտրոնը։ 

Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների համագործակցությունը գիտության ոլորտում։  Սեպտեմբերի 12-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Չինաստանի

Գիտությունների ակադեմիայի Կունմինի բուսաբանության ինստիտուտի միջև։Արսեն Գասպարյանն ասաց, որ Կունմինի բուսաբանության ինստիտուտի գործընկերների հետ քննարկվել է Երևանի բուսաբանական այգում չինական այգի ստեղծելու գաղափարը։ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը հույս հայտնեց, որ այդ գաղափարը կյանքի կկոչվի։

«Մենք շատ ենք կարևորում այս գաղափարը միջմշակութային համագործակցության տեսանկյունից։ Դա միայն բույսեր չեն, այլ մի ամբողջ ազգի մշակույթ ներկայացնելու հնարավորություն», - ասաց Արսեն Գասպարյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․12․2023թ․