Новости
11/12/2023
Աշոտ Սաղյանի նախագահությամբ անցկացվեց ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի XI նիստը

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի XI նիստը, որն անցկացվեց հեռավար ձևաչափով։ 

Նիստին մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի անդամներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ 

Նիստը նախագահեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ով 2023թ․ ընտրվել է ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ։ ՀՀ ԳԱԱ-ից նիստին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ փորձագետ ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Գևորգ Վարդանյանը։  

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց․ «Վստահ եմ, որ այս քննարկումը կնպաստի մեր գիտնականների միջև նոր համագործակցության ձևավորմանը»։

Նիստի ընթացքում հանդիպման մասնակիցները ծանոթացան հեռանկարային գիտական նախագծերի ցանկի իրականացման ընթացքին, որը հաստատվել էր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2022 թ․ մայիսի 20-ի որոշմամբ։

Խորհուրդը քննարկեց ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության զարգացման 2023-2024թթ․ հիմնական միջոցառումների ծրագիրը, համագործակցության հետագա զարգացման հայեցակարգը, առաջնահերթ գործողությունների պլանը։

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ով պատասխանատու է ԱՊՀ անդամ երկրների վիրուսաբանության և COVID-19 համավարակի համատեղ ծրագրի մշակման համար, ներկայացրեց  ծրագրի նախագծի իրականացման ընթացքը: Խորհրդի որոշմամբ ՀՀ ԳԱԱ-ն կշարունակի մշակել համատեղ ծրագիրը՝ հաշվի առնելով նոր առաջարկները։ Խորհուրդը հաստատեց ԱՊՀ անդամ երկրների գիտական հաստատություններում ասպիրանտների և երիտասարդ գիտնականների փորձի փոխանակման ուսումնական կենտրոնների ցանցի կանոնակարգը։ Հաստատվեց ԱՊՀ-ում միասնական գիտական տարածքի ձևավորման համար թվային ենթակառուցվածքի զարգացման խորհրդատվական և համակարգող խմբի կազմը և կանոնակարգը, խորհրդին կից Երիտասարդ գիտնականների խորհրդի կազմը։

2024թ․ համար ԱՊՀ անդամ պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ ընտրվեց Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆարհոդ Ռահիմին։ Խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11․12․2023թ․