Новости
13/09/2017
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 50-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովը

   Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը` նվիրված INHIGEO-ի 50-ամյա հոբելյանին:

  Հանձնաժողովի նպատակն է նպաստել երկրագիտության ոլորտում մշտական հետազոտությունների անցկացմանը: INHIGEO-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել  1967թ-ին` Հայաստանում` ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում: Այժմ հանձնաժողովն ունի 289 անդամ 57 երկրից: Հայաստանը հանձնաժողովում ներկայացնում են 5 մասնակիցներ:

   ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և ընթերցեց  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձը. «Այսօր Երևանում մեկնարկում է Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 42-րդ Սիմպոզիումը, որին մասնակցում են աշխարհի 18 երկրների մոտ 70 ներկայացուցիչներ: Սիմպոզիումը նվիրված է այդ Հանձնաժողովի ստեղծման 50-ամյա տարեդարձին: Ես ողջունում եմ Սիմպոզիումի մասնակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանք:

6_1.jpg

   Հետաքրքիր փաստ է, որ երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի ստեղծումն անմիջականորեն կապված է Հայաստանի հետ։  1964թ-ի Միջազգային երկրաբանական կոնգրեսի շրջանակներում որոշվեց ստեղծել Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողով, և ի կատարումն այդ որոշման, 1967թ-ին Երևանում` Խորհրդային Հայաստանի Գիտությունների Ակադեմիայում, տեղի ունեցավ Հանձնաժողովի հիմնադիր ժողովը: Հանձնաժողովը միավորեց երկրաբանական գիտությունների պատմության ոլորտի հետազոտողներին՝ ապահովելով երկրաբանական գիտության և մտքի զարգացման բազմաթիվ հաջողություններ։

   1967թ-ից ի վեր Հանձնաժողովի անդամների կողմից հրատարակվեցին գիտական մեծ արժեք ներկայացնող մեծաքանակ աշխատություններ և մենագրություններ։

   INHIGEO-ի 50-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանը հերթական անգամ ստանձնում է այս կարևոր իրադարձության կազմակերպման գործընթացը:

   Մաղթում եմ Սիմպոզիումին հաջողություն և գիտական աշխույժ քննարկումներ:

  Համոզված եմ նաև, որ Հայաստանը ձեզ կառաջարկի այնպիսի ջերմ միջավայր, որ դուք ձեզ հետ կտանեք բազմաթիվ հաճելի հիշողություններ և անպայման կվերադառնաք մեր հյուրընկալ երկիրը ձեր ընտանիքների և ընկերների հետ»:

   Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Պատահական չէ, որ Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի հիմնադիր գիտաժողովը տեղի է ունեցել Երևանում, որովհետև Հայոց հնագույն պատմությունից հայտնի է, որ միջնադարյան գիտնականներն ունեն նման հետազոտություններ: Հատկապես պետք է շեշտել Շիրակացու հետազոտությունները, որոնք վերաբերում են երկրագնդի կառուցվածքին: Մատենադարանում տարբեր պատմիչների, գիտնականների, մաթեմատիկոսների աշխատանքներում կան հղումներ, որոնք վերաբերում են երկրաբանության պատմությանը: Այս գիտությունն այսօր պետք է գրի առնի երկրաբանության վերաբերյալ այն հիմնական երևույթները, որոնք տեղի ունեն մեր կյանքում: Գիտաժողովին ցանկանում եմ բարի երթ, հետաքրքիր քննարկումներ»:

   INHIGEO-ի նախագահ պրոֆեսոր Բերի Քուփերը ներկայացրեց INHIGEO-ի պատմությունը և ձեռքբերումները:

   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին INHIGEO-2017 գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, ՌԴ ԳԱ Երկրաբանական ինստիտուտի երկրաբանության պատմության բաժնի ղեկավար դոկտոր Իրինա Մալախովան:

   INHIGEO-ի գլխավոր քարտուղար Մարիանա Կլեմոն ներկայացրեց INHIGEO-ի 50-ամյակին նվիրված «Երկրագիտության պատմությունը. Տարելիցին»  հոբելյանական գիրքը: 

   Գիտաժողովին մասնակցում է շուրջ 70 գիտնական 18 երկրից, ովքեր կներկայացնեն 60-ից ավելի գիտական զեկուցումներ  տարբեր երկրներում երկրաբանության պատմության հիմնախնդիրների, Հայաստանում երկրաբանական մտքի կայացման և զարգացման պատմության վերաբերյալ:

   Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:


ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
13.09.2017թ.

Фотогалерея


Сайт последний раз обновлялся:  16:31, 30/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск