Новости
27/10/2023
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների գնման մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է «Գիտական լիցենզավորված ծրագրային փաթեթների (software package) գնման» մրցույթ։

Մրցույթի նպատակն է երիտասարդ գիտնականներին ու հետազոտողներին հասանելիություն տրամադրել լիցենզավորված ծրագրային գործիքներին և նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը 3 միլիոն ՀՀ դրամ է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 10-ն է։

Մրցույթի հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական։

Ծրագրային փաթեթի ձեռքբերումից 12 ամիս հետո շահառուները պետք է ԵԳԱԾ հանձնաժողովին և ՀՀ ԳԱԱ ներկայացնեն ամփոփիչ հաշվետվություն՝ ծրագրային փաթեթի օգտագործմամբ իրականացված հետազոտական աշխատանքների ծավալի, բնույթի, ստացված արդյունքների, ինչպես նաև ծրագրային փաթեթն օգտագործած կազմակերպությունների և խմբերի վերաբերյալ:

Մրցույթի մանրամասները՝ այստեղ։

Մրցույթի հայտը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.10.2023թ.