Նորություններ
25/09/2023
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Նոր զարգացող միտումներ քիմիայում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ կազմավորման 80-ամյակին և Երևանի պետական համալսարանի Քիմիայի ֆակուլտետի կազմավորման 90-ամյակին։

Գիտաժողովը համախմբել է շուրջ 350 մասնակից ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Լեհաստանից, Կանադայից, Հայաստանից, Ղազախստանից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից։ Գիտաժողովի նպատակն է միավորել քիմիայի տարբեր բնագավառների նշանավոր հետազոտողներին և խթանել արդյունավետ քննարկումներն ու ապագա համագործակցությունները:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը։

«Առանձնահատուկ շնորհակալություն մեր հյուրերին, ովքեր կարողացան Հայաստան ժամանել աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակում։ Վստահ եղեք, որ դա իսկապես շատ կարևոր ու անհրաժեշտ է և՛ հայ ժողովրդի, և՛ հայ գիտնականների համար։

Մի քանի օր առաջ ադրբեջանական բանակն իր ողջ ներուժով հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ 120 հազար մարդկանց վրա, ովքեր ավելի քան 9 ամիս գտնվում էին շրջափակման և հումանիտար ճգնաժամի պայմաններում։ Կան մեծ թվով զոհեր, որոնց թվում՝ կանայք և երեխաներ։

Ինչպես ցույց է տվել պատմությունը, նման իրավիճակներում գիտնականները, մշակութային գործիչները և մանկավարժները եկեղեցու հետ միասին նշանակալի դեր են խաղացել ազգերին միավորելու և մարտահրավերներին դիմակայելու գործում։ Այս տեսանկյունից նման գիտաժողովները չափազանց կարևոր են», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։  Ակադեմիկոս Սաղյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի պատմությունը և ձեռքբերումները։

Ներկաներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը,  ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտի մետաղակոմպլեքս և նանոչափ կատալիզատորների լաբորատորիայի ղեկավար Վալենտին Անանիկովը, ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սահակ Գասպարյանը։

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ավելի քան 80 գիտական զեկուցումներ՝ նվիրված սինթեզի առաջընթացին, արհեստական բանականությանը և թվային դիզայնին քիմիայում, նոր քիմիական փոխակերպումներին,  նոր նյութերի կանխատեսումներին,  ֆոտոքիմիային, նոր տեսակների սինթեզին, գերմոլեկուլային փոխազդեցություններին  քիմիայում, կատալիզի տեսությանը, նանոնյութերի հետազոտական տվյալներին և շատ այլ թեմաների։

«Նոր զարգացող միտումները քիմիայում» միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Նիկոլայ Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտը։

Գիտաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան 24)։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.09.2023թ.

Լուսանկարներ