Նորություններ
19/09/2023
Գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում՝ նվիրված հայ ակադեմիական արվեստագիտության երախտավոր Գևորգ Գյոդակյանին

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Գևորգ Գյոդակյան» գիտաժողովը՝ նվիրված երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Գյոդակյանի երաժշտագիտական ժառանգությանը։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը հայտարարեց, որ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ինստիտուտի երաժշտության բաժինը կրելու է Գևորգ Գյոդակյանի անունը։

«Գևորգ Գյոդակյանը 50 տարի ղեկավարել է Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժինը, որն այդ ընթացքում դարձավ Հայաստանում երաժշտագիտական մտքի կենտրոնը։ Նա մեծ դեր է կատարել որպես արվեստագիտության կազմակերպիչ Արվեստի ինստիտուտի հեղինակության բարձրացման և զարգացման գործում։ Մենք նպատակ ունենք շարունակել նրա ավանդույթները», - ասաց Աննա Ասատրյանը և շեշտեց Գյոդակյանի մեծ վաստակը որպես գիտնական-հետազոտող։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը նշեց․ «Լինելով Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը՝ նա կապել է երկու կարևոր օղակ՝ Արվեստի ինստիտուտը և կոմպոզիտորների միությունը։ Այն կապը, որը կա  երաժշտագիտության և կոմպոզիտորական դպրոցի միջև, պետք է ավելի խորանա։ Գևորգ Գյոդակյանը դրել է հայ երաժշտության պահպանման և զարգացման հիմքը։ Սիրելով և հիշելով Գյոդակյանին՝ մենք պետք է շարունակենք իր պատգամները»։

Գևորգ Գյոդակյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Կոնսերվատորիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը շեշտեց Գյոդակյանի մանկավարժական ժառանգության առանձնահատկությունը, կարևորեց նրա գիտական կերպարը։ 

Գիտաժողովին մասնակցեցին մեծ երաժշտագետի ընտանիքի անդամները՝ կինը՝ Ալինա Փահլևանյանը, որդին՝ Կոնստանտին Գյոդակյանը, դուստրը՝ Ելենա Գյոդակյանը և թոռնիկը՝ կոմպոզիտոր Դավիթ Գյոդակյանը։ 

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ՝ նվիրված Գևորգ Գյոդակյանի ունեցած ներդրումին երաժշտագիտության տարբեր բնագավառներում։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միությունում տեղի կունենա Գևորգ Գյոդակյանին նվիրված համերգ։ 

«ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Գևորգ Գյոդակյան» գիտաժողովն անցկացվեց ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» շարքի շրջանակներում:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․09․2023թ․