Նորություններ
15/08/2023
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Ալեքսանյանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, Բնական գիտությունների բաժանմունքը, գիտական հանրությունը վշտակցում են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Թադևոսի Ալեքսանյանի մահվան կապակցությամբ և խորին ցավակցություն են հայտնում Յուրի Ալեքսանյանի ընտանիքին և մտերիմներին։ 

Ակադեմիկոս Ալեքսանյանի ղեկավարությամբ իրականացված աշխատանքները մեծ կարևորություն ունեն ժամանակակից բժշկության և առողջապահության համար: Մեծ արժեք ունեն նրա՝ մարդու կուլտիվացված լիմֆոցիտների իմունային պատասխանի ձևավորման մոլեկուլաբջջային մեխանիզմների ուսումնասիրությունները: 1986 թվականին պրոֆեսոր Ալեքսանյանն ընտրվել է Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 

Յուրի Ալեքսանյանը ծնվել է Ստեփանավանում՝ 1938 թվականին։ 1961 թվականին նա ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը և որպես բժիշկ աշխատել է իր ծննդավայրում: 1963 թվականին նա ընդունվել է ասպիրանտուրա, ինչպես նաև կրթություն է ստացել Մոսկվայի Փորձարարական կենսաբանության ինստիտուտում: 1967 թվականին Յուրի Ալեքսանյանը պաշտպանել է իր ատենախոսությունը՝ նվիրված միաշերտ կուլտուրաներում քաղցկեղային բջիջների իմունային հատկությունների ուսումնասիրմանը: 1968-1985 թվականներին նա գլխավորել է Հայաստանի Փորձարարական կենսաբանության ինստիտուտի (ներկայում՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) մոլեկուլաբջջային իմունոլոգիայի լաբորատորիան: 1985 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն ԽՍՀՄ առողջապահության նախարարության իմունոլոգիայի ինստիտուտում՝ Մոսկվայում (ներկայում՝ ՌԴ պետական գիտահետազոտական կենտրոն «Իմունոլոգիայի ինստիտուտ»), «Քաղցկեղային բջիջների իմունոլոգիան երկարատև կուլտիվացման և հիբրիդացմանմ ժամանակ» թեմայով:

Ակադեմիկոս Յուրի Ալեքսանյանը 518 գիտական աշխատանքների, 5 մենագրության հեղինակ է։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 17 թեկնածուական և 4 դոկտորական աշխատանքներ: 

1986-2006 թվականներին Յուրի Ալեքսանյանը եղել է ՀՀ Առողջապահության նախարարության Արտո Բոգդանի Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը՝ ղեկավարելով Հայաստանում տարածված մի շարք հիվանդությունների համաճարակաբանությանը, կանխարգելմանը և ախտորոշմանը նվիրված աշխատանքները։ Իսկ 2007-2017 թվականներին նա եղել է ինստիտուտի գիտական խորհրդատու, 2018 թվականից՝ ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գիտական խորհրդատու: 2000 թվականին նա ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի և Էկոլոգիայի ու կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի, իսկ 2003 թվականին «Արարատ» միջազգային ակադեմիայի իսկական անդամ: 2007 թվականին Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի կողմից նրան շնորհվել է «Գիտության վաստակավոր գործիչ» կոչումը և «Գիտնականի Աստղ» շքանշանը: 

Երկար տարիներ Յուրի Ալեքսանյանը զբաղվել է ոչ միայն գիտական և գիտա-կազմակերպական, այլ նաև մանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական ինստիտուտում, ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտում, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում: 

Տարիներ շարունակ նա «Հայաստանի բժշկագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիրն էր, մի շարք խմբագրական և ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդների անդամ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15․08․2023թ․