Նորություններ
02/08/2023
Հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին

Սույն թվականի օգոստոսի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի ծննդյան 70-ամյակին։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ։ 

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կարևորեց Արմեն Սաղաթելյանի գիտահետազոտական գործունեությունը, նրա ներդրումը հետազոտությունների ապրանքայնացման և նորարարացման գործում։ «Նա առաջատար գիտնական և գիտության հմուտ  կազմակերպիչ էր։ Ես տեսել եմ, թե ինչպես է Արմեն Սաղաթելյանն աշխատում Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համար և յուրաքանչյուր աշխատակցի համար։ Այդ աշխատանքային կոլեկտիվը ընտանիքի պես էր։ Կենտրոնը գիտեինք Արմենով, Արմենին՝ կենտրոնով», - ասաց  Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշեց, որ Հայաստանի համար դժվար ու մութ 90-ականներին Արմեն Սաղաթելյանը հիմնադրել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, որը 30 տարի

անց ձեռք է բերել ազգային և միջազգային ճանաչում։ «Կարևորում եմ շեշտել մեր կենտրոնի ստեղծման տարեթիվը, որպեսզի այսօրվա երիտասարդները հասկանան, որ եթե 1993 թվականին կարողացել ենք հառնել, հիմա էլ պետք է ջանք գործադրենք, բյուրեղանանք, հավաքենք մեզ և գնանք առաջ», - ասաց նա։

Լիլիթ Սահակյանը շեշտեց, որ Արմեն Սաղաթելյանը Հայաստանում շրջակա միջավայրի գիտությունների դպրոցի ստեղծողն էր։ Ի հիշատակ Արմեն Սաղաթելյանի՝ արդեն երրորդ տարին անցկացվում է երիտասարդական ամառային դպրոց՝ շրջակա միջավայրի գիտությունների թեմայով։ Դպրոցի այս տարվա խորագիրն է «Շրջակա միջավայրի գիտություններ. շրջակա միջավայր և սնունդ»։

«Արմեն Սաղաթելյանի հոբելյանն ու անունը որոշեցինք օգտագործել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ևս մեկ անգամ խոսենք շրջակա միջավայրի, գիտության խնդիրների մասին։ Դրանք կապել ենք նաև շրջակա միջավայրի բնագավառում կրթության, շրջակա միջավայրի մոնիթորինգի, որոշումների կայացման ու իրազեկման հետ», - ընդգծեց Լիլիթ Սահակյանը։

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Ռուբեն Հարությունյանը նշեց, որ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը դարձել է միջազգային նշանակություն ունեցող գիտական օջախ։ «Ունենալով մեծ գիտական փորձ՝ Արմեն Սաղաթելյանն իր ակտիվությամբ կարծես երկնաքար էր ակադեմիական միջավայրում։ Նա կարողացավ գտնել էկոլոգիայի զարգացման ճիշտ ուղղությունը։ Նրա կողմից Հայաստանում առաջին անգամ իրականացվել էր տեխնածին երկրաքիմիական հոսքի գնահատումը», - ասաց նա։

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց «Իմ սիրտը լեռներում է․․․» վավերագրական ֆիլմը՝ նվիրված պրոֆեսոր Սաղաթելյանին։ «Այս ֆիլմը ոչ միայն հարգանքի տուրք է մեր ուսուցչին, այլև՝ հայ մարդու կերպարին, ով կյանքի ընթացքում հավատարիմ է մնացել իր սկզբունքներին, բռնած ուղուն, ընտանիքին, աշակերտներին ու հայրենիքին», - ասաց Լիլիթ Սահակյանը։

Արմեն Սաղաթելյանի հետ կապված հուշերով կիսվեցին նրա որդին՝ Արման Սաղաթելյանը, աշակերտներ ու գործընկերներ Շուշանիկ Ասմարյանը, Դավիթ Պիպոյանն ու Օլգա Բելյաևան։

Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի նոր վեբ կայքի շնորհանդեսը։

Միջոցառումը կշարունակվի օգոստոսի 3-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (ք․ Երևան, Աբովյան 68)։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․08․2023թ․