Новости
26/06/2023
«ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան»․ գիտաժողով՝ նվիրված Հայաստանում ակադեմիական երաժշտագիտության հիմնադրին

Սույն թվականի հունիսի 27-ին և 28-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա «ՀՀ ԳԱԱ - 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան» երկօրյա գիտաժողովը՝ նվիրված կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Քրիստափոր Քուշնարյանի երաժշտագիտական և մանկավարժական ժառանգությանը։ 

Գիտաժողովի ընթացքում ՀՀ արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչները հանդես կգան զեկուցումներով՝ ներկայացնելով Քրիստափոր Քուշնարյանի ներդրումը սովետական երաժշտագիտության զարգացման գործում, նրա ձայնակարգային տեսության առանձնահատկությունները, Քուշնարյանի անհայտ և նորահայտ նամակները, Քուշնարյանի Սոնատը երգեհոնի համար, երաժշտագիտական մտքի զարգացումը Հայաստանում։ 

Գիտաժողովը կեզրափակվի Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների տարեկան հաշվետու համերգով, որը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ժամը 15.00-ին, Հայաստանի կոմպոզիտորների տան դահլիճում (Դերենիկ Դեմիրճյան,  25 շենք, 3-րդ հարկ)։ 

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
26․06․2023թ․