Новости
16/06/2023
ՀՀ ԳԱԱ-ում կոմպոզիտոր Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակը նշանավորվեց գիտաժողովով

Սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին նվիրված «Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտաժողովը։

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ «Հայ երաժշտագիտության մեջ առաջին անգամ իրականացնում ենք նման գիտական կոնֆերանս՝ նվիրված Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությանը։ Կարա-Մուրզայի հետ է կապված հայ երաժշտության մեջ բազմաձայնության արմատավորումը։ Նա հայ երաժշտության առաջին գործիչներից էր, ով զբաղվեց հայ ժողովրդական երգերի հավաքման, գրառման, բազմաձայնման և տարածման գործով։ Նրա անվան հետ է կապված նաև հայ խմբերգային երաժշտության տարածումը։ Հայ իրականության մեջ Ազգային օպերա ստեղծելու առաջին փորձը՝ «Շուշան» օպերան, ևս պատկանում է Կարա-Մուրզային», - ասաց Աննա Ասատրյանը։

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նշեց․ «Կարա-Մուրզան արժանի վաստակ ունի։ Մեր առաքելությունն է, որպեսզի հայը նույնականանա ոսկեդարյան ժառանգության հետ և հասնի մինչև Կարա-Մուրզա, որպեսզի մենք տեսնենք հայրենասեր, հայրենիքն իրենց մեջ կրող հայերի», - ասաց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ողջունելով ներկաներին, ասաց․ «Նման միջոցառումներն ունեն երկու կարևոր նպատակ՝ արժևորել մեր մշակույթի խոշոր գործիչների թողած ստեղծագործական ժառանգությունը և մեր այս դժվարին ժամանակներում մեկ անգամ ևս հիշեցնել մեր սերունդներին, թե ինչ հարուստ ժառանգություն ենք ունեցել, ինչը պետք է գնահատել և հիշել։ 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ նա սկսեց իր գործունեությունը, դեռ ասպարեզ չէին եկել

մեր մշակույթի շատ խոշոր գործիչներ։ Եվ այդ ժամանակ նա ստանձնեց առաքելություն, որը չափազանց կարևոր էր նաև հետագա զարգացումների համար։ Նրա ստեղծած մեծ թվով խմբերգերը՝ շուրջ 300, երգչախմբերը՝ 90, և կատարումները երգչախմբի հետ միասին կարողացան Հարավային Կովկասի շատ հայաշատ քաղաքներում՝ այդ թվում Շուշիում, հսկայական աշխատանք կատարել հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացումը խթանելու ուղղությամբ, և այսօր մենք պետք է արժանին մատուցենք նրա կատարած այդ վիթխարի աշխատանքին»։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը նշեց․ «Տարիների ընթացքում այն ավանդույթը, որը մտցրել էր Կարա-Մուրզան՝ ստեղծագործող, հասարակական գործիչ, կազմակերպող միաձուլումը, տվել է հիանալի արդյունքներ։ Հետագայում Կոմիտասը և շատ կոմպոզիտորներ կազմակերպում էին, ձգտում վեր հանել հայ արվեստը ոչ միայն հայաբնակչության շրջանում, այլ նաև այնտեղ, որտեղ հայեր չկային։ Արդյունքում այսօր մենք ունենք մի ամուր համակարգ, որի վրա կարող են հենվել ժամանակակից հայ կոմպոզիտորները»։

Գիտաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների միության, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով՝ նվիրված հայ խմբերգային արվեստին՝ Քրիստափոր Կարա-Մուրզայից մինչև Հովհաննես Չեքիջյան, Կարա-Մուրզայի գործունեությանը և ստեղծագործական ժառանգությանը։ 

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16․06․2023թ․