Новости
06/06/2023
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը մեկնարկեց գիտական միջոցառումների շարք` նվիրված ՀՀ ԳԱԱ 80-ամյա հոբելյանին

Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական և ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ Ֆորումը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։

Ֆորումի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ «Անցյալ տարի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր։ Այսօր մեր առաջին համատեղ գիտական

 

միջոցառումն է։ 2023 թվականը հոբելյանական է ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիայի համար, որը նշում է հիմնադրման 80-ամյակը։ Հոբելյանական տարվա ընթացքում Արվեստի ինստիտուտը մտադիր է անցկացնել գիտական միջոցառումների շարք՝ նվիրված այս փառավոր հոբելյանին։ Եվ շատ խորհրդանշական է, որ այս շարքի առաջին ակորդը հնչում է  մեր պետերբուրգյան գործընկերների հետ միասին։

Այսօր՝ հունիսի 6-ին, հայ և ռուս ժողովուրդների մեծ զավակներ Արամ Խաչատրյանի և Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է։ Այս առումով ես առաջարկում եմ ամեն տարի հունիսի 6-ին համատեղ գիտական միջոցառումներ կազմակերպել Երևանում և Սանկտ Պետերբուրգում։ Եվ քանի որ 2024 թվականին նշվելու է Պուշկինի 225-ամյակը, առաջարկում եմ

Երևանում անցկացնել համատեղ միջազգային գիտաժողով՝ նվիրված «Պուշկինի կերպարը արվեստում» թեմային»,- ասաց Աննա Ասատրյանը։

Ֆորումի մասնակիցներին ողջունեց Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի գործիքագիտության սեկտորի վարիչ, կոմպոզիտոր, գործիքագետ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մացիևսկին։ Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսատանի արվեստագիտության հաստատությունները պատմականորեն կապված են միմյանց հետ և սերտ համագործակցում են։ Նա հիշատակեց հայ արվեստագետների, ովքեր մեծ ներդրում ունեն Ռուսաստանի մշակույթի զարգացման գործում։  Իգոր Մացիևսկին մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք։

Ֆորումին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի մասնագետները, հետազոտողներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի գիտական տարբեր կենտրոններից։

Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4), տեղի կունենա կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-սովետական սիմֆոնիզմը» հայկական համատեքստում» թեմայով, իսկ հունիսի 8-ին կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․06.2023թ.

Фотогалерея