Նորություններ
22/06/2017
Անվանի հայագետ-բանասեր Ժիրայր Դանիելյանին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

    Անվանի հայագետ-բանասեր, մշակութային գործիչ, գրադարանագետ և խմբագիր Ժիրայր Դանիելյանին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում հայագիտության ասպարեզում վաստակաշատ գործունեության համար: Որոշումն ընդունվեց ՀՀ ԳԱԱ նախագահության հունիսի 21-ի նիստում:
    Ժիրայր Դանիելյանը Լիբանանում բնակվող սփյուռքահայ հանրաճանաչ և հեղինակավոր հայ մտավորականներից է, որի ամբողջ գործունեությունն ի սպաս է դրվել Սփյուռքի և հայրենիքի համար կենսականորեն անհրաժեշտ հայապահպանության ազգաշեն գործին:
    Ժիրայր Դանիելյանի «Հայ մամուլի հաւաքածոյ», «Ռամկավար ազատական մամուլը», «Հայ նոր պարբերական մամուլը. 1967-1981» աշխատությունները նվիրված են հայ մամուլի բազմածալ պատմության և մատենագիտու­թյան հիմնահարցերին: «Լիբանանահայ տպագրությունը պատերազմի տարիներին. 1975-1984» ուսումնասիրությունը ներկայացնում է արաբական աշխարհում հայ տպագրության պատմության մի ամբողջ փուլ:

20170622-1.jpg
    Ժիրայր Դանիելյանը «Բանասիրական որոնումներ», «Գրական որոնումներ» և «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» աշխատություններում ի հայտ է բերել ազգային գրակա­նության զարգացման ընթացքի նրբաճաշակ ըմբռնումներ, գրականության մեջ ավանդականի և արդիականի և՛ հակասական, և՛ ներդաշնակ դրսևորումների անվրեպ բացահայտումներ:
    Ժիրայր Դանիելյանը շուրջ քառորդ դար պաշտոնավարել է Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական գրադարանում:
    Նա տարբեր տարիներին դասախոսական աշխատանք է կատարել Հայկազյան համալսարանի հայագի­տական ամբիոնում, ՀԲԸՄ Հյուսիսային հայագիտական կենտրոնում, Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսության դպրեվանքի և կրթական–հայագիտական դասընթաց­ներում:
    Ժիրայր  Դանիելյանը արժանացել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալի, Հայաստանի գրողների միության շքանշանի, Թեքեյան մշակութային միության Ուզունյան գրական մրցանակի, Լիբանանի կառավարության պարգևի:

22.06.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:19, 16/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում