Նորություններ
15/06/2017
Հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի` աշխարհահռչակ բուսաբան Արմեն Թախտաջյանի անունով անվանակոչմանը

Հունիսի 16-ին` ժամը 15:00-ին, ՀՀ  ԳԱԱ բուսաբանական ինստիտուտում (Աճառյան 1, Երևանի բուսաբանական այգի, ՀՀ  ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի նիստերի դահլիճ) տեղի կունենա հանդիսավոր արարողություն` նվիրված ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի` աշխարհահռչակ բուսաբան, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի անունով անվանակոչմանը: Ինստիտուտի անվանակոչումը հաստատված է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ:
Արմեն Թախտաջյանը XX դարի ականավոր բուսաբան է, ֆիլոգենետիկ և էվոլյուցիոնիստ:
Արմեն Թախտաջյանը, դեռևս երիտասարդ տարիքում դառնալով Բուսաբանության ինստիտուտի տնօրեն, անմիջապես ձեռնամուխ եղավ բուսաբանական գիտության հիմնական ուղղությունների  ստեղծմանը և զարգացմանը։
Արմեն Թախտաջյանը հիմք դրեց «Հայաստանի ֆլորան» բազմահատորյակի ստեղծմանը, որն արդեն 11 հատոր ունի: Նա ստեղծեց հայ  բուսաբան կարգաբանների հզոր դպրոց, որտեղ ներկայումս աշխատում են մի քանի սերունդների ճանաչված մասնագետներ: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կարգաբանության բաժնում աշխատում են Թախտաջյանի աշակերտները:

20170615-1.jpg
Թախտաջյանի բուսական աշխարհի էվոլյուցիայի հետազատությունների արդյունքում ստեղծվեց բարձրակարգ բույսերի ինքնատիպ համակարգ, որի համար նա արժանացավ ԽԱՀՄ Կոմարովյան մրցանակի։
Մեծ է նաև Արմեն Թախտաջյանի գիտակազմակերպական գործունեությունը: Նա «Ботанический журнал» (Սանկտ-Պետերբուրգ) հանդեսի գլխավոր խմբագիրն էր, Հայկական աշխարհագրական ընկերության պրեզիդենտը, ԽՍՀՄ բուսաբանական ընկերության, Լոնդոնի Լինեյի ընկերության արտասահմանյան անդամ, Հնդկաստանի հնէաբուսաբանական ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի գիտությունների ակադեմիաների արտասահմանյան անդամ, «Լեոպոլդինա» գերմանական բնագիտության ակադեմիայի անդամ:
Բնական գիտությունների բնագավառում ունեցած բացառիկ նվաճումների, երկարամյա և արգասաբեր գիտական գործունեության համար ակադեմիկոս Թախտաջյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում:
2009 թվականին բնական գիտությունների բնագավառում ունեցած ակնառու նվաճումների, երկարամյա և բեղմնավոր գիտական գործունեության համար ակադեմիկոս Թախտաջյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
15.06.2017թ.