| ||||||||
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հրավերով սույն թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում Աննա Ասատրյանը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը ներկայացրին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում ինստիտուտի կատարած աշխատանքները: Քննարկվեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև համագործակցության հետագա խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակը: Որոշվեց նմանատիպ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական: Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը, այդ թվում` արվեստագիտության ոլորտում: Դեսպանը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Մոսկվայի Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի ջանքերով 2022 թվականի մայիսի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ռուսաստան-Հայաստան: Երկխոսություն արվեստի լեզվով» բարեկամական երեկոյի կազմակերպումն ու անցկացումը, որի ընթացքում տեղի ունեցավ «Россия – Армения. Диалог на языке искусства» բացառիկ համարի շնորհանդեսը և կնքվեց համագործակցության պայմանագիր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի միջև: Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն հայտնեց նպաստել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի՝ ռուսաստանյան կառույցների հետ կապերի հետագա ամրապնդմանը: Նա ընդգծեց ինստիտուտի կատարած աշխատանքի կարևորությունն ինչպես հայ արվեստի, այնպես էլ հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում: ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կողմից դեսպանին նվիրվեցին ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ վերջին ամիսներին հրատարակված արժեքավոր աշխատություններ, այդ թվում Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը (2022), որտեղ լայնորեն ներկայացված է XVIII և XIX դարերի ռուսական կերպարվեստը, «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» (տեքստի հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյան) եռալեզու պատկերագիրքը (2022), որը նվիրված է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Փարավոն Միրզոյանի դիմանկարչության ուսումնասիրությանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյանի «Армения в судьбе Джорджа Байрона» (2023) մենագրությունը, ինչպես նաև Արարատ Աղասյանի «Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ)» ժողովածուն (2013): |