Նորություններ
30/05/2017
Հայաստանի աստղագիտության մեջ քայլեր են արվում արտարեգակնային մոլորակների ուսումնասիրությամբ զբաղվելու ուղղությամբ

Հայաստանի աստղագիտության մեջ քայլեր են արվում արտարեգակնային մոլորակների ուսումնասիրությամբ զբաղվելու ուղղությամբ: «Սա նոր թեմա է, Հայաստանում երբեք չեն զբաղվել արտարեգակնային մոլորակներով: Արտարեգակնային մոլորակը արեգակնային համակարգից դուրս, այլ աստղերի շուրջ պտտվող մոլորակն է: Պրոֆեսոր Միշել Մայորը 1995թ-ին հայտնաբերել է առաջին արտարեգակնային մոլորակը: Եւ դրանից հետո արտարեգակնային մոլորակների հայտնաբերումը բուռն զարգացում սկսեց ապրել: Արդեն 20 տարուց ավելի անցել է, բայց մենք պատշաճ ձևով չենք արձագանքել այս զարգացումներին: Այդ պատճառով շատ կարևորում եմ այս թեմայի զարգացումը Հայաստանում»,- ասաց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

20170530-1.jpg

Նա ներկայացրեց շվեյցարացի աշխարհահռչակ գիտնական, առաջին արտարեգակնային մոլորակի հայտնաբերող, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի առաջին դափնեկիր պրոֆեսոր Միշել Մայորին, ով այս օրերին Հայաստանում է` հայ աստղագետներին ներկայացնելու արտաարեգակնային մոլորակների ուսումնասիրությունների վերաբերյալ վերջին զարգացումները: 

«Արդեն հայտնաբերվել է մոտ 3600 այդպիսի մոլորակ: Մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր աստղերն, ըստ երևույթին, ունեն մոլորակներ: Այդ մոլորակները շատ հեռու են: Դեռ մեր տեխնիկական պայմանները թույլ չեն տալիս հասնել այդ մոլորակներին: Ներկայումս մեր խնդիրն է այդ մոլորակների վրա գտնել կյանքի կենսաբանական նշաններ` ջուր, թթվածին»,- ասաց պրոֆեսոր Միշել Մայորը: 

Անդրադառնալով ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցության հնարավորություններին` պրոֆեսորն ասաց. «Առ այսօր Հայաստանի աստղագիտությունը հայտնի է ակտիվ գալակտիկաների ուսումնադիրությամբ, աստղային էվոլյուցիայի և տեսական աստղաֆիզիկայի ոլորտներում նվաճումներով։ Իրոք, մակարդակը բարձր է: Պարզապես անհրաժեշտ է, որ հայ աստղագետները կարողանան տիրապետել այն նոր ճյուղերին, որոնք այսօր կան աստղագիտության մեջ: Այստեղ համագործակցության համար հարկավոր է ուսումնասիրել տեխնիկական հնարավորությունները, տեսնել, թե այստեղ ինչն է ավելի իրականանալի: Համագործակցության մյուս ձևն այն է` փորձել Հայաստանում աստղակենսաբանությունը զարգացնել»,- ասաց պրոֆեսորը:
Պրոֆեսոր Միշել Մայորը մայիսի 31-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում հայ աստղագետների, կենսաբանների և ուսանողների համար հանդես կգա արտարեգակնային մոլորակների վերաբերյալ դասախոսությամբ:  

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
30.05.2017թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  10:09, 19/10/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում