Новости
10/11/2022
Տոնական մթնոլորտ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում. նշվեց Գիտության համաշխարհային օրը

Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց Գիտության համաշխարհային օրը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրը: ՀՀ ԳԱԱ նախագահությունում Երիտասարդ գիտնականների միավորումը կազմակերպեց գիտափորձեր, փորձանմուշների, պաստառների, լուսանկարների ցուցադրություններ բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար:

ՀՀ ԳԱԱ այցելեցին Երևանի թիվ 13, 135 հիմնական դպրոցների, Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի, Արագածոտնի մարզի Աղձքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները, Երևանի պետական համալսարանի, Հայ-Ռուսական համալսարանի, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողները, Երևանի պետական հումանիտար քոլեջի սաները: Նրանց ողջունեց ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը:

«Մեր հասարակության զարգացման հիմքերից մեկը գիտությունն է: Գիտելիքով զինված կիրթ և գիտակից անհատը, ով կարողանում է տեսնել իրեն շրջապատող աշխարհը և նորույթ ստեղծել այդ աշխարհն ավելի լավը դարձնելու համար, ընդունակ է դիմակայելու դժվարություններին:

Գիտությունը սկսվում է դպրոցից: Ձեզ ողջունում են ձեր ավագ ընկերները, ովքեր ընդամենը տարիներ առաջ աշակերներ են եղել, ուսանողներ, իսկ հիմա զբաղվում են գիտական աշխատանքով:

Շնորհավորում եմ բոլորիս Գիտության համաշխարհային օրվա առթիվ: Այսօր մեզ համար կրկնակի տոն է, որովհետև մենք տոնում ենք նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրը», - ասաց Սիրանուշ Հովհաննիսյանը:

Հյուրերին ողջունեցին ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման փոխնախագահ Արմեն Սարգսյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ռոզա Բաղրամյանը:

Գիտության համաշխարհային օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Աննա Կարպենկոն, Գերմանիայի Բեռլինի բժշկական համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Միրիամ Գրեյդը, Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Մենու Մամադյուսուֆովան, Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Տուրսունայ Բեկտեմիրովան, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.11.2022թ.

Фотогалерея