Новости
22/07/2022
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Falling Walls Lab Armenia» ստարտափ մրցույթը երիտասարդ մասնագետների համար

Սույն թվականի հուլիսի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Falling Walls Lab» միջազգային ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետների համար տեղի ունեցավ «Falling Walls Lab Armenia» ստարտափ մրցույթի երկրորդ փուլը։ Այն կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։

Մրցույթին ներկայացվեց յոթ նորարարական գաղափար։ Առաջին տեղը գրավեց Լիլիթ Գուրօղլյանը «QaylTecհ» կազմակերպությունից՝ ներկայացնելով «Breaking the Wall of Rehabilitation Device» գաղափարը։ Երկրորդ տեղը գրավեց Լիլիթ Արշակյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից՝ ներկայացնելով «Breaking the Wall of Preliminary Diagnosis of Cirrhosis» գաղափարը։ Երրորդ տեղը գրավեց Հովհաննես Մանուշյանը «Prekog.ai» կազմակերպությունից, ով ներկայացնում էր «Breaking the Wall of Prekog» գաղափարը։

«Ներկայացրեցի «MetaGait» նորարական սարքի ծրագիրը, վերականգնողական սարք է հեռավար վերականգնման համար վիրտուալ իրականության համադրությամբ: Այն քայլ-իմիտացիա կատարող սարք է: Աշխարհում եզակի է իր լուծումներով: Սարքով վերականգնում ավելի արագ ենք իրականացնում, նաև համադրում ենք ժամանցի հետ, որպեսզի անձի համար, ով անցնում է վերականգնման շրջաններով, բոլոր պրոցեսներն ավելի հեշտ լինեն: Սարքն արտադրում ենք Հայաստանում: Հայաստանում ստեղծվում են նաև վիրտուալ իրականության  խաղերը և մեթոդիկան: Նպատակն է սարքը զարգացնել և հանել միջազգային շուկաներ»,- ասաց Լիլիթ Գուրօղլյանը: Նա իր ծրագիրը կներկայացնի Բեռլինում նոյեմբերին կայանալիք «Falling Walls Lab» մրցույթի միջազգային փուլի ընթացքում։ Հաղթելու դեպքում կստանա ֆինանսավորում՝ այն կյանքի կոչելու համար։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.07.2022թ.

Фотогалерея