Новости
06/05/2017
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը նոր նախադրյալներ ստեղծեցին տնտեսության բոլոր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ինովացիաների զարգացման համար:  Սույն թվականի մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

20170506-1.jpg

    ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց. «Գիտությունների ազգային ակադեմիան առաջիններից է, որը կապված է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Տեսական բնույթի հետազոտություններն ընդլայնվելով` խիստ կարիք ունեին կիրառական բնույթ ստանալու: Հայաստանում տարբեր երկրների կազմակերպությունները իրականացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված ծրագրեր:  Այս հուշագրի ստորագրմամբ մենք նպատակ ունենք այդ ծրագրերի իրականացման համար ավելի սերտ համագործակցել և նոր ծրագրեր ստեղծել»:

20170506-2.jpg

    Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց.  «Գիտության և մասնավոր հատվածի միջև ստորագրված այս հուշագիրը մեծ ազդեցություն կունենա տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Գիտությունների ազգային ակադեմիան և ակադեմիական համակարգը եղել է շատ մեծ դարբնոց կադրերի պատրաստման առումով: Մեզ համար շատ կարևոր է, որ երիտասարդ կադրերն անցնեն ակադեմիական դպրոցը, քանի որ  հետազոտողի վարքագիծը ձևավորվում է երիտասարդական տարիներին: Կարևոր է նաև օգտագործել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի պոտենցիալը»:


ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

06.05.2017թ.