Новости
05/05/2022
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի 2021թ-ի գիտական կարևոր արդյունքները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ինստիտուտները 2021թ-ին շարունակել են գիտական հետազոտությունները և ստացել կարևոր և կիրառական արդյունքներ:

Կարևոր արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

  • Օգտագործելով Սլոանի երկնքի թվային շրջահայությունը, նոր մշակված մեթոդիկայով իրականացվել է բազմաթիվ ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) նուրբ օպտիկական սպեկտրային դասակարգում։ Այն ցույց է տալիս, որ շատ քվազարներ դրսևորում են նույն բնութագրերը, ինչ Սեյֆերտի տիպի գալակտիկաները։ Ներմուծվել են քվազարների ենթադասեր։ Այսպիսով, անկախ լուսատվությունից (ինչը բաժանարարն է քվազարների և Սեյֆերտների միջև) ԱԳՄ-ները դրսևորում են նույն բնութագրերը։ Շատ օբյեկտներ դասակարգվել են որպես «բաղադրյալ»՝ սպեկտրներով գալակտիկաներ, որոնք ունեն Սեյֆերտների և Լայներների, Սեյֆերտների կամ Լայներների և աստղառաջացման բռնկումով գալակտիկաների բաղադրյալ բնութագրեր։ Քվազարների ենթադասերը Սեյֆերտների հետ միասին թույլ են տալիս հետևել ԱԳՄ-ների հատկություններին կարմիր շեղումների ավելի մեծ տիրույթում՝ ընդլայնելով մեր պատկերացումները ԱԳՄ-ների մասին:
  • Ապացուցվել է, որ HH 83 Հերբիգ-Հարո համակարգն ունի երկբևեռ սիմետրիկ բնույթ: HH 83 արտահոսքի հարվածային ճակատում տարանջատվել է երկու կինեմատիկական բաղադրիչ, որոնց տեսագծային արագությունները և սեփական շարժումներն ապացուցում են, որ նրանք աղեղնային հարված և Մախի սկավառակ են: V565 Mon երիտասարդ աստղի սպեկտրային ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նրա անսովոր քիմիական բաղադրությունը և այլ հատկություններ, ինչը վկայում է տվյալ օբյեկտի եզակիության մասին:
  • Ընդլայնված աստղառաջացման տիրույթում միջաստղային միջավայրի և երիտասարդ աստղային օբյեկտների հատկությունների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ ամենամեծ միջաստղային նյութի խտություն և զանգված ունեցող ենթատիրույթները պարունակում են I դասի էվոլյուցիոն փուլ ունեցող երիտասարդ աստղային օբյեկտների ամենամեծ տոկոսը։ Բոլոր ենթատիրույթներում աստղերի էվոլյուցիոն տարիքի լայն բաշխումը վկայում է, որ դիտարկվող աստղառաջացման տիրույթում աստղերի ձևավորման ընթացքը հաջորդական է։ Այն ենթատիրույթներում, որտեղ սկզբնական, մայր մոլեկուլային ամպի զանգվածն ավելի մեծ է, այս ընթացքը, հավանաբար, ավելի ակտիվ է և երկարատև:
  • Ցույց է տրվել, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ՝ դառնալով ձևաբանական փոփոխությունների պատճառ։ Տվյալ դեպքում դա Գալակտիկայի թևի առաջացումն է, որի սկիզբը համընկնում է կենտրոնական մասում գտնվող միակ աստղառաջացման տիրույթում նկատվող բուռն գործընթացների հետ:

ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ-կենտրոն միջազգային կազմակերպություն

  • Հիմնվելով 4FGL J1544.3-0649 բլազարի յուրահատուկ հատկությունների վրա առաջարկվել է նոր` ժամանակավոր (transient) բլազարների դաս: Ռադիո տիրույթում ուսումնասիրություններից հայտնի այդ աղբյուրը (4FGL J1544.3-0649) երբևէ չի գրանցվել ռենտգենյան և բարձր էներգիաների գամմա տիրույթներում, սակայն 2017-18թթ. հետո այն մի քանի ամիս վերածվել է ռենտգենյան տիրույթում ամենապայծառ արտագալակտիկական աղբյուրներից մեկի:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

  • Օպտիկական բեսելյան փնջի տեխնիկայի և երկաթով լեգիրված լիթիումի նիոբատի բյուրեղի հիման վրա մշակվել և իրականացվել են ֆոտովոլտայիկ լավիտներ (tweezers) միկրո- և նանոօբյեկտների գերման և ղեկավարվող տեղաշարժման համար, որոնք հեռանկարային են  որպես lab-on-a-chip սարքեր:
  • Առաջին անգամ ալկալիական մետաղի գոլորշի պարունակող նանոբջջի կլանման և ֆլուորեսցենցի սպեկտրերը գրանցվել են սենյակային ջերմաստիճանում, ինչն ինքնին կարևոր է կոմպակտ համակարգերում կիրառությունների տեսակետից:
  • Երկաթի ֆտալոցիանինի (FePc, Pc= C32N8H16) և ֆերոցենի (FeC10H10) պինդֆազային պիրոլիզի եղանակով ածխածնային մատրիցում սինթեզվել են (Fe-Fe3C) և (Fe-Fe3O4) «միջուկ-թաղանթ» կառուցվածքով ֆերոմագնիսական նանոմասնիկներ, կատարվել է դրանց կառուցվածքային և մագնիսական համալիր հետազոտում:
  • Գրավիտացիոն ալիքների գրանցման համար առաջարկվել են ուժեղ մագնիսական դաշտում գերհաղորդիչ Կուպերի զույգերի հիման վրա դետեկտորներ, որոնցում ալիքներով առաջացած մեխանիկական շարժումը վերածվում է մագնիսական հոսքի: 

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

  • Տեսականորեն հիմնավորվել է էլեկտրոնային արագացուցիչներում էլեկտրոնների փնջի ցածր էներգետիկ ստրետչերային ռեժիմում աշխատելու հնարավորությունը:
  • Փորձնականորեն ցույց է տրվել, որ X-կտրվածքով կվարցի միաբյուրեղում, միաժամանակ երկայնական և լայնական ակուստիկ տատանումների գրգռման միջոցով, հնարավոր է կառավարել անդրադարձած ռենտգենյան փնջի տարածաժամանակային բնութագրերը: 
  • Տեսականորեն ցույց է տրվել, որ դիէլեկտրիկ, կոմպոզիտ կամ հաղորդիչ գնդի կենտրոնով անցնող լիցքավորված մասնիկների թանձրուկների շղթան հաճախությունների նեղ տիրույթում կարող է մակածել քվազիկոհերենտ ինտենսիվ ճառագայթում:

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

  • Փորձնականորեն միկրոալիքային տիրույթում հետազոտվել է առաջին կարգի բեսելյան ճառագայթի ( J_1) տարածման առանցքի վրա գտնվող խոչընդոտներից ստացված դիֆրակցիան: Բացահայտվել է, որ խոչընդոտները, որոնք ծածկում են  J_1 ֆունկցիայի առաջին մաքսիմումով սահմանափակված ճառագայթի կենտրոնական տիրույթը, չեն առաջացնում լրացուցիչ կորուստներ: Բեսելյան ճառագայթների հատկանշական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դաշտի խոչնդոտն անցնելուց հետո դաշտի կառուցվածքը անտենայի բացվածքում գրեթե վերականգնվում է:
  • Կառուցվել է Մաքսվելլի «ձկան աչք» բեկման ցուցիչի պրոֆիլ բևեռացված լույսի համար։ Այն ապահովում է ֆոտոնի փակ հետագծեր միջավայրում։ Ուսումնասիրվել է Մաքսվելլի «ձկան աչք» պոտենցիալ էներգիայի պրոֆիլ ունեցող գրաֆենի քվանտային կետը: Ցույց է տրվել, որ այն օժտված է Հոլլի հաղորդականությամբ նույնիսկ մագնիսական դաշտի բացակայության դեպքում: 
  • Լազերային-իմպուլսային փոշեցրման եղանակով ստացվել են  MoS2 քվազիերկչափ բյուրեղներ` բաղկացած մեկ, երկու և ավելի ատոմական մենաշերտերից: Ցույց է տրվել, որ նման գերբարակ բյուրեղների օպտիկական և էլեկտրական հատկությունները, մասնավորապես արգելված գոտու լայնությունը, էապես կախված են ատոմական մենաշերտերի թվից: Պատրաստվել են օհմական կոնտակտներ, ուսումնասիրվել են նման երկչափ բյուրեղների ֆոտոէլեկտրական հատկությունները:
  • Ստացվել են կիսահաղորդչային նանոլարի (ՆԼ) վրա հիմնված օպտիմալ pH սենսորի աշխատանքային բնութագրերը, այդ թվում՝ իոնային զգայնության կախվածությունները ՆԼ-ի երկրաչափական և ֆիզիկական պարամետրերից: Գտնվել է սենսորի նախագծման համար պարամետրերի արդյունավետ համադրություն: 

Կիրառական աշխատանքների արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան

  • Հայ-ռուսական համատեղ կայանում 260 դիտողական գիշերների ընթացքում ընդհանուր առմամբ արվել է 650000 չափում և վերականգնվել 700 ուղեծիր արհեստական արբանյակների համար:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

  • Մշակվել, արտոնագրվել և պատրաստվել է ֆոտոընդունիչ սարք, որը, շնորհիվ կիրառված հետադարձ կապի շղթայի, թույլ է տալիս գրանցել թույլ իմպուլսային օպտիկական ճառագայթումը՝ անկախ ֆոնային լուսավորվածության մակարդակից: 
  • Հետազոտվել է ջերմային սենսորներով տաք օբյեկտների հայտնաբերումը՝ օգտագործելով հատուկ մշակված ուժեղացուցիչներ՝ կոնական հորներ: Ստեղծված սարքով ստացված ազդանշանների թվայնացումն ու ծրագրային մշակումը թույլ է տվել ապահովել 8 մ հեռավորության վրա 90˚տեսադաշտով օբյեկտի արագ տեղորոշում:
  • Հետազոտվել և մշակվել է էլեկտրամագնիսական սպեկտրի միկրոալիքային տիրույթում գործող, օբյեկտների գտնվելու վայրը տեղորոշող ռադարային համակարգ՝ հիմնված հորիզոնական և ուղղահայաց դասավորությամբ ալեհավաքային տարրեր պարունակող ռադիոտեղորոշիչ համակարգի վրա:
  • Ցույց է տրվել, որ Lu3+ իոնների ներմուծումը Y3Al5O12:Ce3+, Li+ բյուրեղներ հնարավորություն է տալիս բարձրացնել բյուրեղների օպտիկական որակը հակադիրքային տեղակալումների փոփոխության հաշվին։ Ցույց է տրվել, որ Y3Al5O12:Ce3+,Tb3+ բյուրեղները հակադիրքային արատների առկայության ինդիկատոր են և հնարավորություն են տալիս քանակապես գնահատել դրանց կոնցենտրացիան։ Li+ իոնները զբաղեցնում են միջհանգուցային դիրքեր և չեն փոխազդում Се3+ իոնների հետ, սակայն բարձրացնում են ճառագայթման տիրույթում բյուրեղների թափանցիկությունը:
  • Անմետաղ ֆտալոցիանինի (H2Pc, Pc=C32N8H16) պինդֆազային պիրոլիզի եղանակով սինթեզվել են նանոգրաֆենային կլաստերներով կազմված ածխածնային միկրոսֆերաներ՝ լեգիրված ազոտի ատոմներով։ Հետազոտվել են ստացված նմուշների կառուցվածքային, մորֆոլոգիական, ռեզիստիվ, ունակային բնութագրերը, ինչպես նաև դրանց կիրառելիությունը որպես սուպերկոնդենսատորների էլեկտրոդային նյութեր։ Միկրոսֆերաների չափված տեսակարար ունակությունը կազմել է 2-4 Ֆ/գ:
  • Մարդու առողջահոգեբանական վիճակը և հոգնածության աստիճանը որոշելու համար ստեղծվել է 8 SFCO սենսորներով գործող ստաբիլոգրաֆ բժշկական ախտորոշող սարք: Վերլուծելով 4 դիրքի և 4 տատանումների տվիչներից ստացված ազդանշանների հաճախային և ժամանակային վարքը՝ հնարավոր է գնահատել մարդու նյարդահոգեբանական և հենամկանային համակարգերի վիճակը:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ

  • Մշակվել և ստեղծվել է թոքերի օդափոխման պարզագույն շնչառական սարքի լաբորատոր փորձանմուշ, որի գլխավոր յուրահատկությունը ներշնչվող (արտաշնչվող) օդում տարբեր հաճախությամբ հարմոնիկ և ոչ հարմոնիկ տատանումների  գրգռումն է։ Ցույց է տրվել, որ այդ տատանումները կարող են նպաստել թոքերից խորխի և այլ օտարածին մարմնիկների հեռացմանը:
  • Առաջարկվել է լիցքավորված մասնիկների ակուստապլազմային նոր տիպի արագացուցիչների ստեղծման մեթոդ:
  • Մշակվել ու ստեղծվել է կառավարվող բնութագրերով հակակարկտային նոր տիպի ակուստիկ համակարգ:
  • Միջավայրերի ակուստապլազմային վիճակում արգելված անցումներից ի հայտ եկող ճառագայթումների հիման վրա առաջարկվել է մոնոքրոմատիկ ճառագայթման աղբյուրների ստեղծման նոր մեթոդ:
  • Կատարվել են գիտատեխնիկական հետազոտություններ ինստիտուտում մշակված ու ստեղծված վակուումային փոշենստեցման համակարգերի կատարելագործման համար: Մշակվել ու ստեղծվել է վիրուսային վարակների կանխարգելման սարք, որոշվել են նրա աշխատանքային բնութագրերը:
  • Սինթեզվել են փոքր էներգետիկ ելքով ծակոտկեն լյումինաֆոր միջավայրեր։ 
  • Մշակվել ու ստեղծվել է տարածքների ախտահանման համակարգ։
  • ՀՀ տարածքում առկա հանքանյութերի օգտագործմամբ մանր դիսպերսիոն բենտոնիտի հիման վրա սինթեզվել է նոր նյութ, որը կարող է կիրառվել գյուղատնտեսությունում որպես ցածր ինքնարժեքով ու բարձր արդյունավետությամբ պարարտանյութ:

ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ

  • Առաջարկվել է ռադիոլոկացիոն նշանակետերի անդրադարձման արդյունարար մակերևույթի գնահատման նոր եղանակ, որը չի պահանջում թանկարժեք անարձագանք խցիկի կիրառում: Եղանակը հիմնված է շարժվող նշանակետերի առանձնացման սկզբունքի վրա, ինչը թույլ է տալիս բացառել անդրադարձումները կողմնակի անշարժ օբյեկտներից: Կատարվել են չափումներ Ku տիրույթում և գնահատվել է եռանիստ անկյունային անդրադարձիչի արդյունարար մակերևույթը:
  • Տեխնոլոգիական ռեժիմների կատարելագործման բաղադրիչների ատոմական հարաբերակցության ավելի ճշգրիտ ղեկավարման և օպտիմալ տեխնոլոգիական ռեժիմների ընտրության շնորհիվ սինթեզվել են կրկնակի լեգիրված կերամիկական նմուշներ, որոնց  ցածր հաճախային դիէլեկտրիկական թափան-ցելիությունը գերազանցել  է  1.5.105: Արդյունքում այդպիսի կերամիկայում նվազում են դիէլեկտրիկական կորուստները և հնարավոր է դառնում գերմեծ ունակությամբ կոնդեն-սատորների ստեղծումը:
  • p-InSb/n-CdTe անիզոտրոպ հետերոանցման հիման վրա պատրաստվել են քառազոնդ կոորդինատազգայուն  ֆոտոընդունիչներ, ուսումնասիրվել են նրանց հատկությունները, բացահայտվել են գրանցվող ինֆրակարմիր ճառագայթի կոորդինատների և ֆոտոզգայնության գծային տիրույթները: Միկրոալիքային էլեկտրամագնիսական փոխազդեցության միջոցով ուսումնասիրվել են լազերային աբլյացիայի մեթոդով ստացված երկաթի նանոմասնիկներով հագեցված ջրային լուծույթները:
  • Միկրոալիքային սենսորի արձագանքով որոշվել է երկաթի նանոմասնիկների մինիմալ չափվող խտությունը: Գրանցվել է միկրոալիքային հավելյալ բաղադրիչ, որի առկայությունը բացատրվում է լազերային աբլյացիայի ժամանակ ջրի կլաստերների կառուցվածքային փոփոխություններով:
  • Մշակվել է ֆիզիոթերապիայի համար նախատեսված միոստիմուլյատորի էլեկտրական սխեման, պատրաստվել է լաբորատոր նմուշը: Կատարվել է 1 թերապևտիկ կետում մկանի գրգռման և կծկման ֆունկցիայի աշխատունակության ստուգում: Սարքի կատարելագործումը և ծրագրային սպասարկման կիրառումը հնարավորություն կտան ստանալ չափումների արդյունքները միաժամանակ 5-10 թերապևտիկ կետերի համար:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05.05.2022թ.