Новости
14/04/2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Ռուսաստանի Դաշնության Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտն ընդլայնում են համագործակցությունը

Սույն թվականի ապրիլի 14-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ընդլայնված նիստ Ռուսաստանի Դաշնության Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակության հետ՝ նվիրված գիտական համագործակցության խորացմանը:

ՄՀՄԻ-ի պատվիրակությունը ղեկավարում է ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը: Պատվիրակության կազմում են համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՄՀՄԻ-ի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը, ՄՀՄԻ-ի տնօրենի խորհրդականներ Սամվել Հարությունյանը և Միխայիլ Իտկիսը, ՄՀՄԻ-ի գիտական ղեկավար Վիկտոր Մատվեևը, ՄՀՄԻ-ի գլխավոր գիտական քարտուղար Սերգեյ Նեդելկոն, ՄՀՄԻ-ի կրթական և գիտական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Վերխեևը, ՄՀՄԻ-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի տնօրեն Վլադիմիր Կորենկովը, ՄՀՄԻ Միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Դմիտրի Կամանինը, ՄՀՄԻ-ի Միջուկային հիմնախնդիրների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Հրաչիկ Թորոսյանը:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց. «Ուրախ ենք ձեզ այստեղ ընդունելու և քննարկելու համագործակցության հարցերը: Ներկայում մենք ապրում ենք դժվարին ժամանակներ: Մարդկության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է միավորել ուժերը, զարգացնել և ընդլայնել միջազգային համագործակցությունը գիտական կենտրոնների և տարբեր երկրների առանձին գիտական խմբերի միջև: Այսօր պետք է անել ամեն ինչ՝ համագործակցությունը պահպանելու և զարգացնելու համար»:

Նշելով ՄՀՄԻ-ի դերակատարությունը և համաշխարհային նշանակությունը  գիտության ոլորտում՝ ակադեմիկոս Սաղյանը հիշեցրեց մեր հայրենակից, անվանի գիտնական Ալեքսեյ Սիսակյանի մասին, ով եղել է ՄՀՄԻ-ի տնօրենը և մեծ ներդրում է ունեցել ինստիտուտի զարգացման գործում: «Իսկ այժմ մենք հպարտանում ենք մեր մեկ այլ հայրենակից, նշանավոր գիտնական Յուրի Հովհաննիսյանով», - ասաց Աշոտ Սաղյանը:

ՄՀՄԻ-ի տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովն իր ողջույնի խոսքում նշեց. «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտն ունի 19 մասնակից երկիր, և Դուբնայում հպարտ ծածանվում է նաև Հայաստանի դրոշը՝ որպես լիիրավ մասնակից երկրի: ՄՀՄԻ-ն ունի մեծ գործընկերային ցանց, որում միավորված է աշխարհի 70 երկրից շուրջ 1000 կազմակերպություն: Չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ Դուբնան ակտիվ զարգանում է: Միջազգային գիտության առաքելությունն է իր օրինակով ցույց տալ, որ գիտությունը միավորում է ազգերին»:

Ակադեմիկոս Տրուբնիկովն ընդգծեց, որ այցի նպատակն է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի գիտական կենտրոնների հետ, քննարկել հեռանկարները:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: «Գիտության ոլորտում պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը միջազգային ծրագրերում մասնակցության ծավալի և որակի ավելացումն է: Այս առումով Հայաստանի համար կարևոր է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության զարգացումը», - ասաց նա:

ՀՀ ԳԱԱ ընդլայնված նիստի ժամանակ նշվեց Յուրի Հովհաննիսյանի 89-ամյակը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը շնորհավորեց հայտնի գիտնականին և ասաց, որ նրա ղեկավարությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 113-118

հաջորդական համարներով: Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի պատվին է կոչվել քիմիական տարրերի պարբերական համակարգի 118-րդ քիմիական տարրը՝ Օգանեսոն։

Հայտնի գիտնականին շնորհավորեցին գործընկերները՝ կարևորելով նրա մեծ ներդրումը համաշխարհային գիտության զարգացման գործում: Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Յուրի Հովհաննիսյանին հանձնեց Պատվո շքանշան, իսկ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտության ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանը Յուրի Հովհաննիսյանին հանձնեց նվեր շքանշան:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.04.2022թ.

Фотогалерея