Новости
31/03/2022
ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ալվարդ Անտոնյանը

Ս.թ. մարտի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ալվարդ Անտոնյանը, ով մինչ այդ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Նրա թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից և երաշխավորվել ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ընդհանուր ժողովի կողմից:

Ալվարդ Անտոնյանը ծնվել է 1964թ-ին: 1982-1987թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի ամբիոնում, 1990թ-ից եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում, 1996թ-ին ստացել է կենսաբանական գիտությունների թեկածուի գիտական աստիճան: 1987-1990թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում որպես ավագ լաբորանտ, 1990-1997թթ-ին՝ կրտսեր գիտաշխատող, 1997-2008թթ-ին՝ ավագ գիտաշխատող, 2021թ-ից ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, 2018թ-ից ինստիտուտի «Ադենիլային միացությունների նյութափոխանակության» լաբորատորիայի վարիչն է։ 2021-2022թթ-ին զբաղեցրել է ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: 2007թ-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագործական քիմիայի ամբիոնում, 2017թ-ից ամբիոնի դոցենտ է, 43 գիտական հոդվածի և 40 գիտական զեկույցի հեղինակ: Անդամակցում է Նեյրոքիմիկոսների եվրոպական միությանը և Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիային:

Ալվարդ Անտոնյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտական ուղղությունները՝ նյարդադեգեներատիվ, աուտոիմուն հիվանդությունների մեխանիզմների հետազոտություններ: Նա նշեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվում երիտասարդ կադրերի պատրաստմանը, հայաստանյան և արտասահմանյան գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտությունների իրականացմանը: Նրա ներկայացրած զարգացման ծրագրով նախատեսվում է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի բազայի հիման վրա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծել կենսաքիմիայի ամբիոն, ստեղծել բջջային կուլտուրաների հետ աշխատելու սենյակներ՝ համալրված նոր սարքավորումներով, բացել ակրեդիտացիայի լաբորատորիա վճարովի փորձաքննություն իրականացնելու համար, հարմարեցնել առկա կենդանանոցի պայմանները in vivo աշխատանքների համար ընդունված ստանդարտներին, ակտիվացնել գիտաժողովների և գիտական դպրոցների անցկացումը, ուսանողների համար ստեղծել բազա կենսաքիմիական և վերլուծության մեթոդների ուսուցման համար, դրամաշնորհների ֆինանսավորմամբ գործուղել երիտասարդ աշխատակիցներին արտասահմանյան գիտական հաստատություններ:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ անհրաժեշտ է հաղթահարել առկա խնդիրներն ու մարտահրավերները և զարգացնել, առաջ տանել ինստիտուտը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31.03.2022թ.