Новости
07/03/2022
ՀՀ ԳԱԱ նախագահությունը մեծ ցավով հայտնում է, որ կյանքի 92-րդ տարում վախճանվել է ակադեմիկոս Արամ Գրիգորյանը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը մեծ ցավով հայտնում է, որ կյանքի 92-րդ տարում ԱՄՆ-ում վախճանվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Պարույրի Գրիգորյանը:
   1958 թ-ից սկսած Արամ Գրիգորյանի կյանքն ու աշխատանքային գործունեությունն անխզելիորեն կապված էին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ: Ինստիտուտի գրականության տեսության բաժինը նրա գլխավորությամբ իրականացրել է մի շարք ուսումնասիրություններ, որոնցում հայ գրականությունը դիտարկվում է համաշխարհային գրականության շրջանակում:Արամ Գրիգորյանը առանձնանում էր իր գիտական հետաքրքրությունների լայն շրջանակով: Նրա աշխատությունները վերաբերում են գրականության տեսությանը և հայ գրականության պատմությանը, հատկապես 20-րդ դարի առաջին տասնամյակների հայ գրականությանը: Ժամանակի ընդհանուր գրական շարժման լայն համատեքստում են դիտարկված Վահան Տերյանին և Եղիշե Չարենցին նվիրված նրա ուսումնասիրությունները: Արամ Գրիգորյանը զբաղվել է նաև գրականության տեսության ամենաբարդ հարցերի քննությամբ, առանձին մենագրություններ նվիրել գրական կերպարի կերտման և գրական ստեղծագործությունների գեղարվեստական ու ոճական առանձնահատկություններին:
   Արամ Գրիգորյանն իրեն ճանաչողների և իր գործընկերների հիշողության մեջ կմնա որպես բարի, կենսախինդ և պայծառ անձնավորություն և մեծ էրուդիցիայի տեր ու գրականության հարցերը մշակութաբանական լայն հայացքով դիտարկող գիտնական:
   Գիտական հանրությունը խորը կսկիծով սգում է անվանի գիտնականի մահը և վշտակցում նրա հարազատներին ու մտերիմներին:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   07.03.2022թ.