Новости
22/10/2021
Նոր նյութերի կանխատեսում՝ արհեստական բանականությունից դեպի մենդելեևյան թվերի հայեցակարգ. Արտեմ Օհանովի գիտական զեկուցումը ՀՀ ԳԱԱ-ում

    Ս.թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին,  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա անվանի գիտնական, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովի գիտական զեկուցումը «Նոր նյութերի կանխատեսում՝ արհեստական բանականությունից դեպի մենդելեևյան թվերի հայեցակարգ» թեմայով: 

    Արտեմ Օհանովը «Ֆորբս» ամսագրի կողմից ընդգրկվել է «Աշխարհը նվաճած 50 ռուսների» ցանկում: Նա հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի և բյուրեղային կառուցվածքների կանխատեսման մեթոդների ստեղծման, ինչպես նաև բարձր ճնշումների քիմիայի և մոլորակի ընդերքի նյութի ուսումնասիրություններով:

    Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։

    Արտեմ Օհանովը կներկայացնի Մենդելեևի պարբերական աղյուսակի նոր բարելավված տարբերակը, այսպես կոչված մենդելեևյան թվերը, որն արդեն հրապարակվել է առաջատար գիտական ամսագրերում։ Դա հեղափոխական փորձ է՝ Մենդելեևի պարբերական երկչափ աղյուսակը վերափոխել այնպես, որ հարակից տարրերը հնարավորինս նման լինեն միմյանց: Այսպիսի վերափոխման արդյունքում ավելի հարմար է կանխատեսել տարրերի և դրանց միացությունների կարծրությունը, կայունությունը, մագնիսացումը և այլ հատկությունները:

22.10.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն