Նորություններ
06/10/2021
Նոբելյան մրցանակ է շնորհվել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին

    2021թ. հոկտեմբերի 4-ին Շվեդիայի Թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն հայտարարել է 2021թ. ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում դափնեկիրներ Արտեմ Փաթափությանի և Դեիվիդ Ջուլիուսի անունները: Նոբելյան մրցանակը նրանց շնորհվել է կենդանի օրգանիզմներում շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար:

    ՀՀ ԳԱԱ նախագահությունը շնորհավորում է Նոբելյան մրցանակակիրներին և հույս հայտնում առաջիկայում նրանց հյուրընկալել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

    Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967թ. Բեյրութում՝ մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Սարգիս Վահագնին, արմատներով Հաճնից հայտնի բանաստեղծ էր Լիբանանում. երկու տասնյակ հրատարակված գրքերի հեղինակ է:  Արտեմ Փաթափությանի մայրը՝ Հայկուհի Աճեմյանը  դպրոցի տնօրեն էր Բեյրութում, ԱՄՆ փոխադրվելուց հետո հայկական դպրոցում ուսուցչուհի է աշխատել: Կրթության և գիտության նկատմամբ մեծ ուշադրություն է եղել Փաթափությանների ընտանիքում և երեք զավակներն էլ՝ Արտեմը, Արան և Հուրին ստացել են լավագույն կրթությունը:

    1975թ. երբ Լիբանանում բռնկվեց քաղաքացիական պատերազմը, այդ ժամանակ Արտեմը սովորում էր Բեյրութի Ամերիկյան համալսարանում,  և  Արտեմի ընտանիքը, ինչպես  նաև հազարավոր քրիստոնյաներ, դուրս եկան երկրից և Փաթափությանների ընտանիքը հանգրվան գտավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Արտեմը կրթությունը շարունակեց ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում:

    1990թ. ավարտելով Կալիֆորնիայի համալսարանը՝ ստացել է բակալավրի կոչում՝ մասնագիտանալով բջիջների և զարգացման կենսաբանությունում: Այնուհետև կրթությունը շարունակել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում և արդեն 1996թ. արժանացել Կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճանի:

    2000թ. աշխատանքի հրավեր ստացավ Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքի Նովարտիս հետազոտական ֆոնդի Գենոմիկայի ինստիտուտում, 2002-2005թ. նշանակվեց  նույն կենտրոնի Նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, իսկ արդեն 2006-2014թ. զբաղեցնում էր նույն հետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

    Հետազոտական աշխատանքին զուգահեռ 2005 թվականից  դասավանդել է Դորիսի նյարդաբանության կենտրոնում և այսօր արդեն պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն իր գիտելիքներով կիսվում է եկող սերնդի գիտնականների հետ:

    2006-թ. երիտասարդ գիտնականն արժանացել է Young Investigator Award-ի՝ նյարդաբանության մեջ իր ուրույն խոսքն ասելու համար: 2016 թվականից նա գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ է, իսկ 2017թ. նա դարձավ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ: 2014թ. -ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։

    Այսօր Արտեմ Փաթափությանն աշխարհռչակ մոլեկուլային կենսաբան է, ով մասնագիտացել է զգայական փոխակերպման ոլորտում: Գիտության մեջ նրա նշանակալի ներդրումները ներառում են ջերմության, մեխանիկական ուժի և բջիջների ավելացված ծավալի միջոցով ակտիվացված նոր իոնային կանալների և ընկալիչների (ռեցեպտորների) բացահայտում: Նրա լաբորատորիան ցույց է տվել, որ այս իոնային կանալները կարևոր դեր են խաղում ջերմության, հպման, պրոպրիոցեպցիայի, ցավի և անոթների տոնուսը կարգավորելու ժամանակ:

    Ուշագրավ է, որ Արտեմ Փաթափությանը Նոբելյան մրցանակի ստանալու ուրախալի լուրը ստացել է տանը, երբ անկողնում որդու՝ Լուկայի հետ, նայում էին Նոբելյան մրցանակի հանձնաժողովի հայտնած արդյուքները: 


Նկարը Ինստագրամում տեղադրել էր Արտեմի կինը: