Նորություններ
22/09/2021
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը

    Ս.թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

    ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը շնորհավորեց Բյուրականի աստղադիտարանի ողջ անձնակազմին, մաղթեց հետագա նվաճումներ, բարձր գիտական արդյունավետություն, նորանոր հայտնագործություններ, նոր տաղանդավոր երիտասարդ կադրերի ներհոսք՝ ի նպաստ Հայաստանի գիտական ներուժի զարգացման և միջազգային հեղինակությանն ուղղված հետագա քայլերի: 

    «Բյուրականի աստղադիտարանը տասնամյակներ շարունակ հանդիսանում է մեր գիտության առաջամարտիկը: Հիմնադրման հենց առաջին տարիներից աստղադիտարանում կատարվել են  կարևորագույն հայտնագործություններ, առաջ են քաշվել հիմնարար վարկածներ և տեսություններ, իրականացվել են տիեզերական մարմինների զանազան հետազոտություններ: Առավել հայտնի են Վիկտոր Համբարձումյանի կողմից աստղասփյուռների հայտնաբերումը, գալակտիկաների միջուկների ակտիվության վարկածը, տիեզերական գերխիտ նյութի տեսությունը, բռնկվող աստղերի վիճակագրությունը, Բենիամին Մարգարյանի շրջահայությունը, ինչպես նաև Գրիգոր Գուրզադյանի կողմից խորհրդային տիեզերական աստղագիտության մեջ կատարած առաջին քայլերը: Բյուրականի աստղադիտարանը միշտ ակտիվ է եղել իր միջազգային կապերով և տարիների ընթացքում միջազգային բարձր հեղինակություն է ձեռք բերել: Իրավամբ, Բյուրականի աստղադիտարանը կարելի է անվանել Հայաստանի այցեքարտերից մեկը: Ներկայումս Բյուրականի աստղադիտարանը ՀՀ կառավարության կողմից ճանաչված է որպես Ազգային արժեք, Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված է որպես Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այստեղ է գտնվում աստղագիտական սպեկտորների աշխարհի ամենամեծ հավաքածուն՝ 20 միլիոն սպեկտր, որի թվային տարբերակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների ցանկում: Դրա հիման վրա ստեղծվել է Հայկական վիտուալ աստղադիտարանը, որը Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի անդամ է», - ասաց Աշոտ Սաղյանը: 

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր շնորհավորական խոսքում ասաց, որ Բյուրականի աստղադիտարանը եղել է մեր գիտության շարժման հիմնական լոկոմոտիվներից մեկը՝ նշելով, որ իր գիտական կյանքի մի մասը սերտորեն կապված է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի հետ, որը զավակն է Բյուրականի աստղադիտարանի: Արմեն Սարգսյանը նաև հղել է իր պաշտոնական ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը ևս մեկ առիթ է խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի…Աշխարհն այսօր ոչ թե առաջ է շարժվում, այլ՝ խելահեղ արագությամբ սլանում է առաջ։ Եթե մենք որպես պետություն, որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես գիտական համայնք չզգանք այդ արագությունը, հետագայում անհնար կլինի հետ բերել կորցրած ժամանակը...

    75 տարի առաջ, երբ հիմնադրվում էր Բյուրականի աստղադիտարանը, ներկայիս տեխնոլոգիաները ֆանտաստիկա էին։ Այսօր ֆանտաստիկան վաղուց իջել է երկիր և գիտությանը պարտադրում է հաշվի նստել իրականության հետ, իսկ երազողներին՝ մտածել ֆանտաստիկայի արդեն գալիք դրսևորումների մասին:Եթե ժամանակին աստղերին հետևում էր առավելապես մարդկային բանականությունը, այսօր արհեստական բանականությունն անցել է նաև աստղագիտության ոլորտ: Աստղային երկնքին հետևում են նորագույն տեխնոլոգիաները: Սակայն երբեք չմոռանանք, որ նրանք բոլորը մարդկային մտքի ու բանականության ծնունդ են, չմոռանանք, որ լավագույն տեխնոլոգիաներն առաջին հերթին միտքն ու տաղանդն են»:

    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Բյուրականի աստղադիտարանի աշխատողների ներդրումը գիտության ասպարեզում ակնհայտ է, և դա ֆիքսված է տարբեր գիտական փաստաթղթերում: «Բյուրականի աստղադիտարանի գիտական ուղղությունները հնարավոր են եղել շնորհիվ նրա, որ Վիկտոր Համբարձումյանը, որպես հանճարեղ գիտնական, կարողանում էր կանխատեսել գիտության տվյալ ուղղության զարգացումը առաջիկա տարիների համար: Աստղադիտարանի անձնակազմը շարունակում է այն ավանդույթները, որոնք ունեցել է՝ նորովի ներկայացնելով Բյուրականի աստղադիտարանը աշխարհին», - ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: 

    Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց «Բյուրականի աստղադիտարան. տիեզերական նվաճումների 75 տարին» զեկույցը: Նա թվեց Վիկտոր Համբարձումյանի կարևորագույն աշխատանքները Բյուրականում՝ աստղասփյուռների հայտնաբերումը, աստղասփյուռների ընդարձակման երևույթի տեսական կանխատեսումը, անընդհատ առաքման ոչ-ջերմային բնույթը, գալակտիկաների միջուկների ակտիվության վարկածը, տիեզերական գերխիտ նյութի տեսությունը, բարիոնային աստղեր, բռնկվող աստղերի վիճակագրությունը, տվյալ աստղային համակարգում բռնկումների միջին հաճախության բաշխման ֆունկցիան և այլն: 

    Բյուրականի աստղադիտարանը 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել Հայաստանի գիտական հանրության, միջազգային աստղագիտական կառույցների ղեկավարների և գիտնականների կողմից:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.09.2021