Նորություններ
20/09/2021
Կյանքից հեռացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը

    2021թ. սեպտեմբերի 17-ին, 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։ Հայաստանի գիտական հասարակայնությունը կորցրեց անվանի ֆիզիկոսի, մեծ ուսուցչի ու հայրենասերի։

    Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում։ 1953թ. ոսկե մեդալով ավարտել է Ձերժինսկու անվան N20 դպրոցը և նույն տարում ընդունվել է ԵՊՀ, այն ժամանակ, ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո 1958-1961թթ. Է. Չուբարյանը ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ տեսական ֆիզիկայի ամբիոնում, այնուհետև, 1961-1965թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1964թ., իսկ 1965-ից նա աշխատանքի է անցել ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, 1967 թվականից՝ որպես դոցենտ և 1975 թվականից, դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1972թ.)՝ որպես ամբիոնի պրոֆեսոր։ 1965-1970թթ. համատեղությամբ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում։ 1985-2000թթ. և 2006-2013թթ. Էդվարդ Չուբարյանը եղել է տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1991-2006թթ. աշխատել է ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտորի պաշտոնում։ 1996թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Մինչև 2018թ. ղեկավարել է տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան։

    Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավել գիտական աշխատանքների և բուհական դասագրքերի։ Դրանք զեկուց¬վել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահ¬մա¬նյան գիտական շրջանակներում:

    Կրթությանը մատուցած իր ուրույն ծառայությունների և անձնական մեծ ներդրման համար Է. Վ. Չուբարյանը 1984  թ. պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի մեդալով: 1970թ. նրան շնորհվել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակ` «Առանցքահամաչափ ձգողական դաշտերը Էյնշտեյնի տեսության մեջ» աշխատանքի համար, 1985 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ «Ժողովրդական կրթության գերազանցիկ» պատվո նշանով: Էդվարդ Չուբարյանը պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալով, Ֆ.Նանսենի հուշամեդալով: 2006թ. նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչումը:

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ցավակցում է Էդվարդ Չուբարյանի ընտանիքին, մերձավորներին ու ընկերներին։ Մեծ գիտնականի, շիտակ, ազնիվ ու համեստ մարդու հիշատակը վառ կմնա իր գործընկերների, աշակերտների և ուսանողների սրտերում:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
20.09.2021թ.