Նորություններ
24/08/2021
ՀՀ ԳԱԱ-ի աջակցությամբ նոր գիտական ուղղություններ կզարգանան Արցախում

   Սույն թվականի օգոստոսի 16-17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն Արցախում հանդիպումներ ունեցավ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի գիտական կենտրոնի  տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ: Քննարկվեցին Արցախի գիտական կենտրոնի զարգացման և ուժեղացման հարցերը, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
   Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությամբ: Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ   էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի  աջակցությամբ ստեղծվել են առաջին գիտական լաբորատորիաներն Արցախում: «Կենսաբանական և քիմիական ուղղություններով լաբորատորիաների հիմնական աշխատանքներն ուղղված են կենսատեխնոլոգիական հետազոտություններին: Լաբորատորիաները գործում են նաև ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրերի շնորհիվ: Համագործակցության շրջանակներում արդեն ութ գիտությունների թեկնածու են պատրաստել, ովքեր այսօր կենտրոնում աշխատում են»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը: Նա կարևորեց, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար ուղղվում են դեպի ապրանքայնացում, ինչը շատ կարևոր է Արցախի տնտեսության զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար: «Մինչև այս տարվա վերջ կենտրոնը կտա իր առաջին արտադրանքը՝ «Նարնե պլյուս» կաթնաթթվային մթերքը՝ արտադրված հենց Արցախի բնական աղբյուրներից անջատված կաթնաթթվային շտամների հիմքի վրա: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ կկազմակերպվի փոքրածավալ արտադրություն, որը լիարժեք կբավարարի ամբողջ Արցախի պահանջարկը»,- ասաց  Աշոտ Սաղյանը:
   Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների աջակցությամբ  Արցախի գիտական կենտրոնում նոր գիտական ուղղություններով լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները: Նախատեսվում է   ստեղծել  երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական  խմբեր կամ լաբորատորիաներ:
   «Այն գիտական ուղղությունները, որոնք ընտրվում են Արցախի գիտական կենտրոնի համար, բխում են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներից՝ գյուղատնտեսության, ռազմական պաշտպանության համակարգի ամրապնդման և այլ հարցերի հետ կապված»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցեր կազմակերպել ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ և Արցախի գիտական կենտրոն հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման համար:

 

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   24.08.2021թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:34, 14/10/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում