Նորություններ
15/06/2021
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ

   ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյա գիտությունների ակադեմիայի անդամ: Այս կապակցությամբ Ժերար Տետեյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Պատասխան նամակով պրոֆեսոր Տետեյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահին և նշել, որ իր ընտրության հարցում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության վերաբերյալ իր հետազոտությունները, Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ակադեմիկոսների և ԳԱԱ ինստիտուտների տնօրենների ու անդամների հետ համագործակցությունը:
   Ժերար Շառլի Տետեյանը ծնվել է 1942թ-ի փետրվարի 4-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում: 1984թ-ից ԵՊՀ պատվավոր դոկտոր է, 1966թ-ից՝ Մոնպելյեի գիտության և գրականության ակադեմիայի անդամ:  1990թ-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում, 1991թ-ին՝ պրոֆեսորի: 2004թ-ին ընտրվել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1969թ-ից Ժերար Տետեյանը Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում դասավանդում է ընդհանուր պատմություն:Ժերար Տետեյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, մասնավորապես, հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը: Ֆրանսերեն է թարգմանել և ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980թ.): «Հայոց պատմություն» գրքի (1982թ., ֆրանսերեն) համահեղինակն է: 

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   15.06.2021թ.