Новости
02/06/2021
Երևանում կանցկացվի «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների և բնական վտանգների գնահատումը Հայաստանում» գիտահետազոտական նախագիծի վերաբերյալ հանդիպում

   Սույն թվականի հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի «Անի պլազա» հյուրանոցում (Սայաթ-Նովա 19) կմեկնարկի «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների և բնական վտանգների գնահատումը Հայաստանում» գիտահետազոտական նախագիծի վերաբերյալ հանդիպում: Նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի PEER Science-ի կողմից:
   Հանդիպման նպատակը նախագծի, Հայաստանում երկրաջերմային էներգետիկ ներուժի, երկրաջերմային էներգիային վերաբերող համաշխարհային և տարածաշրջանային փորձառության, ինչպես նաև երկրաջերմային ռեսուրսների բացահայտման և ուսումնասիրման Հայաստանի փորձի ամփոփագրի ներկայացումն է:
   Հայաստանը հայտնի է իր ակտիվ խզվածքներով, ակտիվ և պոտենցիալ ակտիվ  հրաբխային համակարգերով: Վտանգի աղբյուր հանդիսանալուց բացի Հայաստանի հրաբուխները և ակտիվ խզվածքները ներկայացնում են նաև երկրաջերմային էներգետիկ ներուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի էներգիայի արտադրության մեծ մասը ստացվում է ներմուծված բրածո և միջուկային վառելիքներից, ինչպես նաև հիդրոէլեկտրակայաններից: Հայաստանի երկրաջերմային էներգետիկ աղբյուրներին վերաբերող  այս գիտահետազոտությունը նշանակալիորեն կխթանի երկրագիտության միջառարկայական ուսումնասիրությունները՝ հրաբխագիտություն, սեյսմոլոգիա, երկրաֆիզիկա, երկրաքիմիա և թվային մոդելավորում, և կբարելավի Հայաստանում երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների որոնման և բնական վտանգների հավանական գնահատման վերաբերյալ գիտելիքները: 
   Նախագծի արդյունքում ԱՄՆ-Հայաստան համատեղ գիտահետազոտական թիմը ՀՀ կառավարությանը կներկայացնի առաջարկներ երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև ռիսկերի նվազեցման վերաբերյալ:
   Հանդիպման ժամանակ «Երկրաջերմային էներգետիկ ռեսուրսների և բնական վտանգների գնահատումը Հայաստանում» նոր գիտահետազոտական նախագիծը կներկայացնի ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, նախագծի գլխավոր հետազոտող Խաչատուր Մելիքսեթյանը: ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը  կներկայացնի ակնարկ աշխարհում և տարածաշրջանում երկրաջերմային էներգիայի օգտագործման մասին: «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերության տնօրեն, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Առաքելյանը հանդես կգա «Կարկառ երկրաջերմային դաշտը Հայաստանի հարավ-արևելքում. միջառարկայական ուսումնասիրություն և հետախուզական հորատման նախագիծ, 2009-2017թթ.» զեկուցմամբ:
   Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, էներգետիկ ոլորտի կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչներ:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   02.06.2021թ.



Сайт последний раз обновлялся:  18:07, 22/10/2021

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея -
Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы -
Другие академии Университеты - Линдау - Карта сайта - Поиск