Новости
13/01/2021
Կյանքից հեռացավ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վասիլի Ցականովը

    Խորը վշտով հայտնում ենք, որ հունվարի 11-ին, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վասիլի Մկրտիչի Ցականովը:
    Վասիլի Ցականովն իր գիտական գործունեությունը սկսել է 1981թ.-ին Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում` Ռոստովի Պետական Համալսարանն ավարտելուց հետո: 1990թ.-ին պաշտպանել է լիցքավորված մասնիկների արագացման նոր մեթոդներին նվիրված թեկնածուական աշխատանքը: Դոկտորական աշխատանքը նա պաշտպանել է 1998թ.-ին, որից հետո  Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում ստեղծել է «Փնջերի ֆիզիկա» գիտական խումբը: 
    Վ․ Ցականովի գլխավորությամբ մշակվել է երրորդ սերնդի սինքրոտրոնի «ՔԵՆԴԼ» նախագիծը, որի հիման վրա ստեղծվեց «ՔԵՆԴԼ» ինստիտուտը։ Նույն թվականից առ այսօր Ցականովը ինստիտուտի տնօրենն էր։ 
Պրոֆ․ Ցականովի աջակցությամբ 2012-2015թթ. «ՔԵՆԴԼ»-ում նախագծվեց և կառուցվեց ԱՐԵԱԼ լազերով ղեկավարվող էլեկտրոնային գծային արագացուցիչը, որի  գործարկումը հնարավորություն տվեց տեղական և արտասահմանյան գիտական հաստատություններին ժամանակակից և համալիր հետազոտություններ իրականացնել Հայաստանում: 
    Վ․ Ցականովն իր գործունեության ընթացքում մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի և արտերկրի հետազոտական կենտրոնների միջև համագործակցության, նոր գիտական կապերի ստեղծման և ամրապնդման գործում։ Նրա ջանքերով սերտ գիտական համագործակցություն է հաստատվել «ՔԵՆԴԼ» ինստիտուտի և Գերմանիայի DESY ազգային արագացուցչային կենտրոնի, Շվեյցարիայի Paul Scherrer ինստիտուտի (PSI) ու արտերկրյա այլ կենտրոնների միջև: 
    2011թ.-ից Ցականովը հանդիսանում է Ապագա Արագացուցիչների Միջազգային Կոմիտեի (ICFA) անդամ:
Գիտական և գիտակազմակերպչական արդյունավետ գործունեության հետ մեկտեղ մեծ է պրոֆ․ Ցականովի ավանդը երիտասարդ մասնագետների կրթման գործում։ Վասիլի Ցականովը բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է: 
    Վասիլի Ցականովը գիտական հասարակության հարգանքը վայելող ակնառու գիտնական էր և բացառիկ ղեկավար, ով իր մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր գործընկերների և ինստիտուտի անձնակազմի սերն ու հարգանքը:

    ՀՀ ԳԱԱ իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից անժամանակ հեռացած Վասիլի Ցականովի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու նրանց հետ կիսում անդառնալի կորստի խորը վիշտը:

    Վ. Ցականովի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հունվարի 13-ին, ժամը 17:30-19:30, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա սույն թվականի հունվարի 14-ին, ժամը 13:00, նույն վայրից: