Новости
16/03/2017
ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 28 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 2016թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  9  մենագրություն, որոնցից 7-ը` արտերկրում, միջազգային 2 գիտաժողովների ժողովածու, 2  ուսումական  ձեռնարկ, 196 հոդված, որոնցից 96-ը` արտերկրում: Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 8 միջազգային գիտաժողով: 

20170316-1.jpg
Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (6 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը (2 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): Ժողովածուն հրատարակվում է 1964թ-ից:Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

• «Խոչընդոտի տիպի խնդիրների թվային լուծումների մասին», զեկուցող՝ ֆ.-մ. գ.թ. Ռ.Հ. Բարխուդարյան• «Մի քանի տարբեր ինտեգրալային օպերատորներով ու արագ փոփոխվող ֆունկցիաներով հավասարումներ և դրանց կիրառությունները մեխանիկայում և շփագիտության մեջ», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Մանժիրով 
• «Տեսաշարից մարդու սրտի բաբախման ազդանշանների ստացման և վերլուծության տեսական և կիրառական հարցեր», զեկուցող՝ տ.գ.թ. Գ.Ա. Կարապետյան
• «Նիկոլաիի պարադոքսը», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ալեքսանդր Սեյրանյան
• «Վիբրոդինամիկ ազդեցության պայմաններում կավային գրունտների սահքին դիմադրելու առանձնահատկությունները կոնսիստենցիայի փոփոխման լայն միջակայքում (միտված լանջերի կայունության գնահատմանը)», զեկուցող` ե.գ.դ. Ս. Հայրոյան:

20170316-2.jpg
Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ

Մաթեմատիկայի ինստիտուտ 

• Ինստիտուտի կողմից տարվա կարևորագույն  արդյունք է համարվել Պատահական դաշտի պայմանական բաշխումը Գիբսյան լինելու համար, ստացվել են անհրաժեշտ և բավարար պայմաններ: Տրվել է պոտենցիալ էներգիայի սահմանում, որի հիման վրա տրվել է Գիբսյան բանաձևի հիմնավորումը: Այդ արդյունքները կարևոր բաղադրիչ են այժմ մշակման փուլում գտնվող Գիբսյան պատահական դաշտերի ընդհանուր տեսության համար:
• Ստացվել են կարևորագույն արդյունքներ` Անալիտիկ Ֆունկցիաների Վայերշտրասյան տեսության, կոմպլեքս հարթության կամայական տիրույթների համար մերոմորֆ ֆունկցիաների արժեքների բաշխման հարցի վերաբերյալ, եռանկյունաչափական և Ուոլշի համակարգերի համար:
• Քվազիպարբերական ինտերպոլացիայի գաղափարը կիրառվել է Ֆուրիեի շարքերի զուգամիտության արագացման համար: 
• Վիներ-Հոպֆի օպերատորային ինտեգրալ հավասարումների որոշ դասերի համար գտնվել է կանոնական ֆակտորիզացիայի գոյության անհրաժեշտ ու բավարար պայման:   

Մեխանիկայի ինստիտուտ

• Սողքի ոչ գծային տեսության դրվածքով, երբ լարումների և դեֆորմացիաների արագությունների ինտենսիվությունների միջև կապն ունի աստիճանային     օրենքի տեսք, հակահարթ դեֆորմացիայի ժամանակ լարումների պսեվդոֆունկցիայի մեթոդով կառուցվել է կիսատարածության համար խառը եզրային խնդրի փակ (ճշգրիտ) լուծումը: Խնդրի ճշգրիտ լուծման և Ն.Խ. Հարությունյանի` դեֆորմացիաների արագությունների վերադրման ընդհանրացված սկզբունքի հիման վրա ստացված լուծման համեմատական վերլուծության միջոցով պարզված են այդ սկզբունքի կիրառելիության սահմանները: 
• Բացահայտված է նյութի միրոպոլյար և տարամոդուլ հատկությունների հաշվառման ազդեցությունը ինչպես կառուցվածքային էլեմենտի հաճախականության, այնպես էլ դրա ամրության բնութագրիչների վրա: 
• Նախագծվել և պատրաստվել է փորձասարք, որը     նախատեսված է ուսումնասիրել գրունտների ամրությունը և դեֆորմացվելու վարքը կառավարելի հաճախականությամբ ցիկլիկ փոփոխվող տարբեր մակարդակի ստիպողական ոլորող մոմենտի ազդեցության պայմաններում: Փորձասարքը հուսալիորեն շահագործվում է: 
• Կատարված է դինամիկ ջերմապիեզոէլեկտրական երկշերտ էներգիայի կուտակիչի մանրակրկիտ տեսական հետազոտություն:
• Տրանսվերսալ իզոտրոպ տորոիդալ թաղանթի համար եռաչափ դրվածքով լուծված են էլեկտրաառաձգականության առաջին, երկրորդ և խառը դինամիկական խնդիրները: 

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ 

• Հետազոտվել է ռոտոր-ռոութեր մոդելը անվերջ քառակուսային և կիսաանվերջ գլանային ցանցերի վրա, որն իրենից ներկայացնում է մասնիկի (ինֆորմացիայի) քվազիպատահական դեգերման պրոցես: Դիտարկվել է ցանցի այն պիտակավորված գագաթների բազմությունը, որոնք ռոտորների կողմից գեներացրել են փակ օղակներ: Այդ գագաթների համար առաջ է քաշվել վարկած, որ նրանց առաջացման հետագիծը ձևավորում է պարուրաձև կառուցվածք՝ ասիմպտոտիկորեն ստանալով արքիմեդյան հատկություն։ Ցույց է տրվել, որ այդ կառուցվածքները ուղղակիորեն կապված են ծառանման կառուցվածքների հետ, որոնք ներկայացնում են դեգերման ընթացքում այցելված գագաթների կլաստերի էվոլյուցիան: 
• Մշակվել է տեսաշարում դեմքի պատկերի վերլուծության միջոցով մարդու սրտի ռիթմի /խփոցի/ հեռավար հաշվարկման մեթոդ և ծրագրային համակարգ: 
• Մշակվել է քննական թեստերի որակի վերլուծություն և գնահատում իրականացնող երկլեզու «Թեստերի որակի վերլուծություն» ծրագրային համակարգը, որը գործարկվում է սերվերի վրա, ունի պարզ և մատչելի web հենքով օգտվողի ինտերֆեյս: Համակարգի առանձին բաղադրիչ  հանդիսացող վիճակագրական և մաթեմատիկական ցուցանիշները հաշվարկող  մոդուլը     կարող է կիրառվել նաև առանձին համակարգչի վրա որպես desktop հավելված:
• Գենետիկ ծրագրավորման օգտագործմամբ մշակվել է թվային պատկերներում օբյեկտների հայտնաբերման և ճանաչման համակարգ 
• Մշակվել է անօդաչու թռչող սարքերի նկարահանման արդյունքների մշակման նոր մեթոդաբանություն,   հենված պատկերների կառուցվածքային հատկությունների օգտագործման վրա: Առաջարկված ալգորիթմները կայուն են պատկերների չափսերի և ուղղորդվածության փոփոխությունների նկատմամբ: 
• SAFER-256 բլոկային ծածկագրական համակարգի համար իրականացվել են գծային և դիֆերենցիալ վերլուծություններ, ցույց է տրվել, որ SAFER-256 բլոկային ծածկագրական համակարգերը կրիպտոկայուն են գծային և դիֆերենցիալ վերլուծությունների  նկատմամբ: 
• Մշակվել են գիտելիքների ներկայացման և համապատասխանեցման ալգորիթմներ, ինչպես նաև ռազմավարությունների փնտրման ալգորիթմներ, որոնք կիրառելի են որոշումների կայացման համար ռազմական միավորների պաշտպանության, հարձակումներից համակարգչային ցանցերի պաշտպանության և այլ  խնդիրներում: 
• Բարձր արտադրողականությամբ հաշվողական և ամպային  ենթակառուցվածքներում իրականացվել են էներգոսպառման նվազեցման  հետազոտություններ: 
• Կատարվել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առկա համակարգերի ուսումնասիրություն և նախագծվել է հատուկ պահանջներին բավարարող նոր համակարգի ճարտարապետությունը և տեխնիկական պահանջները:

ՀՀ ԳԱԱ հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին ՓԲԸ 

• Նախագծվել է հողմաէլեկտրակայան` նպատակաուղղված քամու էներգիայի փոխակերպմանը էլեկտրական էներգիայի:
• Տեսական և փորձարարական հետազոտությունների արդյունքների հիման վրա «Էներգոտեխնիկա» ՍՊԸ-ի պատվերով նախագծվել, պատրաստվել և տեղակայվել է 20կՎտ հզորությամբ ուղղաձիգ առանցք ունեցող հողմաշարժիչով հողմաէլեկտրակայան: Մշակված հողմաէլեկտրակայանը արտոնագրված է ՀՀ-ում: Պլանավորվում է պատրաստել այս տիպի հողմաշարժիչի տարբեր հզորության մոդուլներ, հողմաէլեկտրակայանների կասկադներ կառուցելու համար, որոնք կաշխատեն ընդհանուր էլեկտրական ցանցին զուգահեռ: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
16.03.2017թ.



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск