Новости
02/12/2019
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը

    Սույն թվականի դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը: 
    Մեծ է Դավիթ Սեդրակյանի ներդրումը գիտության մեջ, հատկապես տեսական աստղաֆիզիկայի ոլորտում: Նրա ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակներում ստացած լուծումը գիտական մեծ արժեք ունեցավ՝ առաջարկելով պտտվող կոնֆիգուրացիաների պարամետրերի հաշվման նոր մեթոդ: Այն հաստատեց անգլիացի Է. Հյուիշի առաջադրած գիտական վարկածը, ըստ որի՝ բաբախիչները պտտվող նեյտրոնային աստղեր են: Դիտարկելով նեյտրոնային և պրոտոնային գերհոսելի կոնդենսատների փոխազդեցությունը, Դավիթ Սեդրակյանը հայտնաբերել է նոր ֆիզիկական երևույթ՝ ներկայումս հայտնի «տարման էֆեկտ» անունով: 
    Դավիթ Սեդրակյանի աշխատանքների մյուս ցիկլը վերաբերում է բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղեցմանը, որն ուղեկցվում է անկյունային արագության «ցատկերով»: Ելնելով իր այն հիպոթեզից, թե իր կողմից հայտնաբերված նեյտրոնային թելերի ցանցը աստղի պտույտի դանդաղեցմանը զուգընթաց աստիճանաբար նոսրանում է, Դավիթ Սեդրակյանն իր աշակերտների հետ առաջարկել է բաբախիչների պտտական շարժման արգելակման երեք մեխանիզմ և ի հավելումն հայտնաբերել, որ դանդաղեցման ժամանակ մակերևույթի ջերմաստիճանի աճի շնորհիվ աստղը դառնում է ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Ստացված օրինաչափությունները համահունչ են տիեզերքից եկող ռենտգենյան ճառագայթմանը վերաբերող դիտողական օրինաչափություններին: 

20191202_1.jpg
    Սկսած 1994թ-ից Դավիթ Սեդրակյանը նեյտրոնային աստղերի տեսական հետազոտություններին զուգահեռ իր գործընկերների հետ կատարել է գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված էլեկտրոնների կողմից պոտենցիալային արգելքների անցման և անդրադարձման գործակիցների հաշվումներին, էլեկտրոնների հնարավոր տեղայնացման (լոկալիզացման) խնդիրներին:
   Դավիթ Սեդրակյանը 1977-1986թթ. ղեկավարել է ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ գիտական գործունեությունը: 1982թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990թ.՝ ակադեմիկոս, 1986-1994թթ. աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Նախագահությունում՝ ակադեմիկոս-քարտուղարի, ապա փոխնախագահի պաշտոններում: 1994թ. Դավիթ Սեդրակյանը ԵՊՀ-ում ղեկավարել է Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը: Ամբիոնի պատվավոր վարիչն էր, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի՝ հիմնականում նրա ջանքերով կազմակերպված քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման լաբորատորիայի գլխավոր գիտաշխատողն էր:
    Բեղմնավոր է եղել նաև Դավիթ Սեդրակյանի ուսումնամանկավարժական գործունեությունը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 դոկտորական և 10 թեկնածուական ատենախոսություն:
    Մոտ 300-ի հասնող գիտական հոդվածներն ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին հետազոտությունների իր ասպարեզում բերել են միջազգային լայն ճանաչում: 
    Նա եղել է մի շարք միջազգային կոնֆերանսների և թեմատիկ սեմինարների ակտիվ կազմակերպիչներից, երկար տարիներ եղել է «ՀՍՍՀ ԳԱ Զեկույցներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը: Դ. Բլաշկերի հետ նա կազմել և հրատարակել է «Superdense QCD Matter and Compact Stars» միջազգային հանդեսը, համախմբագիրն է եղել Վ. Համբարձումյանին նվիրված «Ambartsumian's Legacy and Active Universe» գրքի: 
    Դավիթ Սեդրակյանը «Ստացիոնար աքսիալ-սիմետրիկ դաշտերը Էյնշտեյնի տեսությունում» աշխատանքի համար 1970թ. ստացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակ, 1999թ. արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի: 
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը, գիտական հանրությունը սգում են անվանի գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հարազատներին և գործընկերներին:  
    Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18.00-20.00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե`Մարշալ Բաղրամյան պող., 24):

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   02.12.2019թ.



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск