Новости
21/11/2019
Հայ գիտնականները մասնակցել են գամմա-բռնկումից գերբարձր էներգիաների ֆոտոնների գրանցման աշխատանքներին

   «MAGIC» պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգը առաջին անգամ գամմա-բռնկումից (Gamma-ray Bursts) գրանցել է գերբարձր էներգիաների ֆոտոնններ: Գամմա-բռնկումները կարճատև հզոր ճառագայթման աղբյուրներ են, որոնք առաջանում են հեռավոր գալակտիկաներում մեծ զանգվածով աստղերի պայթյունից կամ նեյտրոնային աստղերի միաձուլումից: Այս գրանցումը բոլորովին նոր պատկերացում է տալիս գամմա-բռնկումներում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսների մասին, որոնք առայժմ անհայտ են: Հետազոտության արդյունքները երկու հոդվածների տեսքով հրապարակվել են հեղինակավոր «Nature» ամսագրում: «Nature» ամսագրում տպագրվում են ժամանակակից ամենակարևոր գիտական հետազոտությունների և հայտնագործությունների վերաբերյալ հոդվածներ, ամսագիր, որի 2018թ. ազդեցության գործակիցը կազմում է 43.1:
   2019թ. հունվարի 14-ին GRB 190114C գամմա-բռնկման առաջացումից 50 վայրկյան անց այն ուսումնասիրվել է «MAGIC» hամագործակցության Լա Պալմայում տեղադրված երկու 17 մետրանոց պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակներով: Առաջին տասնյակ վայրկյանների ընթացքում գրանցված տվյալների մշակման արդյունքները ցույց են տալիս, որ գրանցված ֆոտոնների էներգիան հասնում է տեռաէլեկտրոն-վոլտի (ՏէՎ), այսինքն, նրանց էներգիան գերազանցում է տեսանելի լույսի ֆոտոնների էներգիան տրիլիոն անգամ: Այդ ժամանակահատվածում GRB 190114C-ից ճառագայթած ֆոտոնների լուսատվությունը 100 անգամ գերազանցում էր ՏէՎ տիրույթում գրանցված ամենապայծառ աղբյուրի՝ խեցգետնաձև միգամածության լուսատվությանը, ինչի հետևանքով GRB 190114C գամմա բռնկումը դառնում է ՏէՎ տիրույթում ֆոտոնների ճառագայթման ռեկորդային պայծառ աղբյուր:
   Առաջին անգամ «MAGIC» համագործակցության կողմից GRB 190114C գամմա բռնկումից ՏէՎ ֆոտոնների գրանցումից հետո այն մանրամասն ուսումնասիրվել է տասնյակ դիտակներով, ինչի արդյունքում ստացվել է նրա ճառագայթման ամբողջական պատկերը ռադիոյից մինչև ՏԷՎ էներգետիկ տիրույթներում: Օպտիկական տիրույթում ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ այս գամմա բռկումը առաջացել է գալակտիկայում, որից լույսը մեզ է հասնում 4.5 միլիարդ տարվա ընթացքում:
   «MAGIC» միջազգային համագործակցության լիիրավ անդամ են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան: «MAGIC» միջազգային համագործակցության տարեկան գիտաժողովը տեղի է ունեցել Երևանում սույն թվականի հունիսի 24-ից 28-ը:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   21.11.2019թ.


Сайт последний раз обновлялся:  16:23, 31/03/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск