Новости
19/10/2019
Ընդունվում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2020թ. հայտերը

    Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության/աստղաֆիզիկայի և հարակից ոլորտների ամենակարևոր մրցանականերից մեկն է։ Այն տրվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ներդրումներ ունեցող գիտնականներին աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակը տրվում է 2010թ-ից ի վեր 2 տարին մեկ անգամ։ 2010–2016թթ. ՀՀ կառավարության կողմից որպես մրցանակ էր սահմանվել 500,000 ԱՄՆ դոլար: 2017թ-ից մրցանակը կազմում է 300,000 ԱՄՆ դոլար։ 2019թ-ից Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը դասվում է ՀՀ պետական մրցանակների շարքին։

    Մրցանակի համար կարող են ներկայացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային (3 համահեղինակից ոչ ավելի) աշխատանքներ։ Դրամական պարգևը հավասար բաժանվում է հաղթողների միջև, ինչից զատ յուրաքանչյուր հաղթող ստանում է վկայական, շքանշան և հավաստագիր։ 

    Հաղթող(ներ)ը ստանում է 200,000 ԱՄՆ դոլար՝ որպես անձնական մրցանակ, իսկ մնացյալ 100,000 ԱՄՆ դոլարն օգտագործվում է Հայաստանի գիտնականների հետազոտական նախագծերի և արտասահմանյան աշխատակցությունների, Հայաստանում գիտական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հայ ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով (այս ամենը կատարվում է Մրցանակի հանձնաժողովի և տվյալ տարվա հաղթողների հսկողության ներքո): 

Թեկնածություն կարող են առաջադրել՝

  • Նոբելյան մրցանակակիրները
  • Գիտությունների ազգային ակադեմիաների նախագահությունները
  • Աստղադիտարանների կամ աստղագիտական ինստիտուտների գիտական խորհուրդները
  • Համալսարանների համապատասխան բաժինների գիտական խորհուրդները

    Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին չի թույլատրվում առաջադրել այն աշխատանքը, որն արդեն արժանացել է վերոնշյալ մրցանակին կամ միևնույն ժամանակ ներկայացված է մեկ այլ միջազգային մրցանակի:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Թեկնածության առաջադրման պաշտոնական նամակ՝ կնքված համապատասխան կառույցի կողմից,
  2. Ներկայացված աշխատանքի գիտական արդյունքի կամ նվաճումների վերաբերյալ նկարագրություն (2 էջի սահմաններում),
  3. Թեկնածու(ներ)ի գիտական կենսագրականները,
  4. Թեկնածու(ներ)ի գրախոսվող աշխատանքների ցանկը,
  5. Երաշխավորագիր տվյալ ոլորտում հայտնի 3 գիտնականների կողմից,
  6. Տպագրված հոդվածներ, գրքեր, CD/DVD-ներ, կամ այլ առաջադրված աշխատանքներ,
  7. Այլ փաստաթղթեր, որոնք կարող են կարևոր լինել որոշման կայացման գործընթացում։

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողով
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն
Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24
Հեռ.՝ +374-10-525505

Դիմելու վերջնաժամկետն է

2020թ. մարտի 18-ը: 
    Արդյունքները հայտնի կլինեն մինչև 2020թ. հուլիսի 18-ը, իսկ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 18-ին:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողով

Պրոֆ. Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ, նախագահ, president@sci.am)
Պրոֆ. Խավիեր Բարկոնս (Գերմանիա, xbarcons@eso.org)
Պրոֆ. Անատոլի Չերեպաշչուկ (ՌԴ , director@sai.msu.ru)
Պրոֆ. Միշել Մայոր (Շվեյցարիա, michel.mayor@unige.ch)
Պրոֆ. Վահե Պետրոսյան (ԱՄՆ, vahep@stanford.edu)
Պրոֆ. Բրայան Շմիդտ (Ավստրալիա, brian@mso.anu.edu.au)
Պրոֆ. Ջոզեֆ Սիլք (Մեծ Բրիտանիա, silk@astro.ox.ac.uk)
Պրոֆ. Երվանդ Թերզյան (ԱՄՆ, terzian@astro.cornell.edu)
Պրոֆ. Էվին վան Դիսխուկ (Նիդերլանդներ, ewine@strw.leidenuniv.nl)

Հետադարձ կապ

Դր. Արեգ Միքայելյան՝ (Միջազգային հանձնաժողովի գիտական քարտուղար, հեռ.՝ +374-91-195914, էլ. հասցե՝ aregmick@yahoo.com).
Սոնա Ֆարմանյան (Միջազգային հանձնաժողովի գործադիր քարտուղար, հեռ.՝ +374-10-525505, +374-55-911307, էլ. հասցե՝ sona.farmanyan@mail.ruvaprize@sci.am)

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի կայքէջ՝ www.vaprize.sci.am