Նորություններ
17/05/2019
Երկրաբանական թանգարանը հրավիրում է մասնակցելու Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին

   Սույն թվականի մայիսի  18-ին` ժամը 18:00-ին, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես  Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը (Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24ա) հրավիրում է մասնակցելու Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին: Այդ օրը թանգարանում տեղի կունենա «Քարերի զարմանահրաշ աշխարհը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված միներալոգիայի, երկրաքիմիայի և պետրոլոգիայի բնագավառներում ճանաչված գիտնական, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Բորիս Մելիքսեթյանի 90-ամյակին: Կներկայացվի գիտնականի յուրահատուկ միներալների հավաքածուն՝ բաղկացած ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի տարբեր հանքավայրերի եզակի նմուշներից: 
   Միջոցառումների շարքում կներկայացվի «Լ.Ա.Սպենդիարովի մրցանակ» միջազգային երկրաբանական մրցանակի պատմությունը և աշխարհագրությունը՝ նվիրված հայազգի երկրաբան Լեոնիդ Սպենդիարովի 150-ամյակին: Այս մրցանակն արդեն 100 տարի տրվում է Միջազգային երկրաբանական կոնգրեսի մասնակից լավագույն երիտասարդ  երկրաբանին: 
   Օրվա  խորհրդի  շրջանակներում Երկրաբանական թանգարանի այցելուների  համար  կկազմակերպվի յուրահատուկ ինտերակտիվ խաղ «Ճանաչենք թանկագին քարերը» խորագրով՝ ըստ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և նրա որդու՝ Արտավազդ  Թումանյանի կողմից ստեղծված «Թանկագին քարեր»  խաղի՝  նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:Թանգարանում տեղի կունենա նաև «Ագուլիս Պիգմենթս» ՍՊԸ-ի հետ  համատեղ  կազմակերպված «Հայկական լեռնաշխարհի հանքային ներկերը: Միջնադարից մինչ այսօր նրա կիրառությունը, բնագավառները» մշտական ցուցադրության բացումը: Ցուցադրության ընթացքում այցելուները հնարավորություն կստանան նկարելու հայկական ներկերով:
   Ողջ օրվա ընթացքում Երկրաբանական թանգարանում  ներկայացված կլինեն «Էլիզաբեթ» արվեստի դպրոցի երեխաների ստեղծագործությունները: 
   Մայիսի 18-ին Երկրաբանական թանգարան մուտքն ազատ է:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   17.05.2019թ.