Новости
15/04/2019
ՀՀ ԳԱԱ-ում ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպությունն ամփոփեց հայ-իտալական համագործակցության ձեռքբերումները

   Սույն թվականի ապրիլի 15-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ), տեղի ունեցավ հայ-իտալական գիտական համագործակցությանը նվիրված հանդիպում: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին գիտության ոլորտում հայ-իտալական համագործակցության ձեռքբերումները, քննարկվեցին Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն ցանցի` ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: Ելույթներով հանդես եկան  ԻԿՐԱՆԵՏ-ի տնօրեն պրոֆեսոր Ռեմո Ռուֆֆինին, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
   Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա, մասնավորապես, ասաց. «Հայ-իտալական մշակութային և գիտական համագործակցությունն ունի բազմադարյա պատմություն: Իտալական տարբեր գիտական կենտրոններում սովորում և աշխատում են հայ երիտասարդներ: Համագործակցության փայլուն օրինակ է պրոֆեսոր Ռեմո Ռուֆֆինիի ջանքերով ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնի հիմնադրումը Հայաստանում: Կարճ ժամանակահատվածում կենտրոնն իրականացրել է ժամանակակից հետազոտություններ` օգտագործելով երկրի մակերևույթի, արհեստական արբանյակների վրա տեղակայված դիտակների օգնությամբ գրանցված տվյալները: Անցած երեք տարիների ընթացքում կենտրոնի աշխատակիցները տպագրել են 30 գիտական հոդված միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում: Կենտրոնը կազմակերպում է միջազգային գիտաժողովներ և դպրոցներ»:

20190415_body.jpg
   Հանդիպման ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնների միջոցով եվրոպական տարբեր երկրների աստղաֆիզիկական կենտրոնների հետ հայ գիտնականների համագործակցության, միջազգային խոշորամասշտաբ  գիտական ծրագրերի մասնացության համար ցանցի հնարավորությունների օգտագործման, ինչպես նաև ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոններում հայկական ԲՈՒՀ-երի ուսանողների, ասպիարնտների և գիտաշխատողների փոխանակման ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ-ն, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանատունը:
   ԻԿՐԱՆԵՏ-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: ԻԿՐԱՆԵՏ-ի հիմնադիր անդամ պետություններն են Իտալիան, Հայաստանը, Վատիկանը և Բրազիլիան: ԻԿՐԱՆԵՏ-ի համակարգող կենտրոնը գտնվում է Իտալիայի Պեսկարա քաղաքում, իսկ ցանցի կենտրոնները՝ Հռոմում (Իտալիա), Նիցայում (Ֆրանսիա), Ռիո դե ժանեյրոյում (Բրազիլիա) և Երևանում (Հայաստան): ԻԿՐԱՆԵՏ-ի նպատակը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում գիտական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումն է, ինչպես նաև այդ բնագավառի գիտական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   15.04.2019թ.



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск