Սույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2018թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այսպիսով, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:    Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 14 ակադեմիկոս, 9 թղթակից անդամ, 26 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:    2018թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  2  մենագրություն, 1 գիտաժողովների ժողովածու,  271 հոդված, որոնցից 105-ը` արտերկրում, 45 թեզիս, որոնցից 3-ը` արտերկրում:
      Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 12 միջազգային և հանրապետական գիտաժողով:    Տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 
- «Նանոբյուրեղային նյութերը և մոմենտային առաձգականության կիրառական   մոդելները», զեկուցող` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ   Ս.Հ. Սարգսյան
 
 
- «Որոշ նոր ուղղություններ և սկզբունքներ անալիզի և երկրաչափության բնագավառում, զեկուցող` Ֆ.-մ. գ.դ. Գ.Ա. Բարսեղյան
 
 
- «Մաթեմատիկական տոմագրաֆիա» (Математическая томография) , զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ   Արմեն Սերգև (ՌԴ)  
 
 
- «Գիտաչափության կիրառումը գիտական գործունեության գնահատման մեջ», զեկուցող`կ.գ.թ. Շ.Ա.Սարգսյան
 
 
- «Մի ծայրով ամրակցված հեծանի դինամիկան և կայունությունը», զեկուցող` տեխ . գ.դ. Հ.Գ. Շեկյան
 
 
   Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ 
   Մաթեմատիկայի ինստիտուտ 
- Ստացվել է p-ադիկ լարերի դինամիկ տեսությունում հայտնի Վ.Ս. Վլադիմիրով-Յա.Ի. Վոլովիչի միջվակումային լուծումների գոյության թեորեմի ընդհանրացումը: Ապացուցվել է կառուցվող լուծման միակությունը սահմանափակ ֆունկցիաների դասում: Ստացված արդյունքներից որպես հետևանք ստացվել է Լ. Ժուկովսկայայի ռոլլինգային լուծումների վերաբերյալ թեորեմը: (ղեկ.` ֆ.մ.-գ.դ. Ն. Ենգիբարյան, ֆ.մ.գ.դ.Խ.Խաչատրյան ):
 
 
   Մեխանիկայի ինստիտուտ 
- Մշակվել են գծային և ոչ գծային համակարգերի ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության ուսումնասիրության եղանակ՝ հիմնված Գրինի ֆունկցիայի վրա։ Օգտագործելով Գրինի ֆունկցիայի և էվրիստիկ եղանակները՝ հետազոտվել են անորոշություն պարունակող շերտավոր հեծանի ծռման տատանումների գրեթե ղեկավարելիությունը, էլեկտրական դաշտով մասնիկների՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, ոչ գծային հավասարումների՝ անվերջ ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները, Բյուրգերի մածուցիկ հավասարման՝ վերջավոր ժամանակում ճշգրիտ և գրեթե ղեկավարելիության պայմանները (ղեկ.` թղթ.անդ. Ա.Ավետիսյան, ֆ.-մ.գ.թ. Ա. Խուրշուդյան):
 
 
- Առանց լրացուցիչ ավանդական կապակցանյութերի (ցեմենտ, կիր, հեղուկ ապակի) օգտագործման ավտոկլավային մշակման միջոցով բետոնե և երկաթբետոնե թափոնների բեկոտվածքի հիման վրա մշակվել է կառավարելի մեխանիկական հատկություններով օժտված շինարարական նոր կոմպոզիտային նյութերի ստացման եղանակ: Մշակված նյութերի հիման վրա կարելի է պատրաստել շինարարական աղյուսներ, միջնորմային սալեր և բլոկներ (ղեկ. ՝ տեխն.գ.դ. Կ.Կարապետյան, ք.գ.թ. Ն. Գուրգենյան, Ա.Առաքելյան, տեխն.գ.դ. Ա.Ավանեսյան):
 
 
   Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ            
- Քանակական ատրիբուտներով ասոցիատիվ կանոնների պեղման մոդելում, որտեղ ենթադրվում է, որ ատրիբուտները մոնոտոն են, կառուցվել է ալգորիթմ, որը ներմուծելով «խորանարդային տրոհում» գաղափարը, խնդիրը հանգեցնում է բինար ատրիբուտների դեպքին: Չնայած խնդիրը մնում է հաշվատար, բայց այն ձեռք է բերում պարզ մոդելային նկարագիր, ինչը հնարավորություն է տալիս պեղել կանոններ ըստ խնդրի լրացուցիչ սահմանափակումների, ինչպես օրինակ` կանոնի ձախ մասի փոքր հզորությունը, հասանելիության տիպի սահմանափակումներ և այլն: Կիրառման տիրույթը չափազանց լայն է, ինչպես օրինակ, համակարգչային LOG ֆայլերի պեղում ցանցային ներխուժումների հայտնաբերման համար (ղեկ.՝ թղթ.անդ. Լ.Ասլանյան):
 
 
- Առաջարկվել է պատկերների ճապաղվածության աստիճանի գնահատման չափանիշ, և ցույց է տրվել, որ այն հնարավոր է օգտագործել նաև պատկերների մի շարք այլ տեսակի աղավաղումների համար (ղեկ.` տ.գ.դ. Դ.Ասատրյան):
 
-  Ամպային հիմնական ենթակառուցվածքը զարգացվել է օգտագործելով OpenStack միջավայրը։ Հետազոտվել են պահեստավորման (Swift), ցանցային (Neutron) և վիրտուալ ղեկավարման (Nova) ծառայությունները։ Ներդրվել է Keystone ինքնության կառավարման ծառայությունը։ Գիտափորձերից և հաշվարկներից ստացված տվյալները պահեստավորելու համար մշակվել է ամպային պահեստ։
 
- Ստեղծվել է տվյալների տեսանելիացման ինտերակտիվ հարթակ, որը ներկայացվում է որպես ինտեգրված միջավայր գիտական տվյալների վերլուծման, մշակման և տեսանելիացման համար (ղեկ.` տ.գ.թ. Հ.Ասցատրյան):
 
 
    «ՀԻԴՐՈՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՎԻԲՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԲԱԺԻՆ» ՓԲԸ 
- Խողովակաշար համակարգերում ճնշման պուլսացիաների և տատանումների ցածրացման և վերացման նպատակով մշակվել է աշխատանքային միջավայրի ճնշման և ծախսի բազմառեժիմ կայունացուցիչ(ղեկ.` տ.գ.թ. Գ. Ավետիսյան):
 
 
  
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն    25.03.2019թ.  |