Նորություններ
30/01/2019
ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ջոն Կարապետյանը

    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Ջոն Կարապետյանը հունվարի 30-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: Ջոն Կարապետյանը ծնվել է 1982թ-ին` Գյումրիում:  Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում: 2010թ-ին պաշտպանել է «Գրունտների տատանումների քանակական պարամետրերի համեմատական գնահատումը ուժեղ երկրաշարժերի ժամանակ» թեմայով ատենախոսությունը: Ջոն Կարապետյանը ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2013թ-ից: Նա 55 գիտական աշխատությունների և մեկ պատենտի հեղինակ է: Նրա գիտական գործունեության ոլորտը ներառում է` երկրաֆիզիկա, ինժեներային սեյսմաբանություն, սեյսմակայուն շինարարություն, երկրաֆիզիկական սարքաշինություն. սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման մեթոդների, սեյսմիկ սանդղակների մշակում և կատարելագործում:

30012018_1.jpg
    Ջոն Կարապետյանի կողմից ստացված հաշվարկային աքսելերոգրամները տարբեր նախագծային կազմակերպությունների կողմից  օգտագործվել են տարբեր մարզերի դպրոցների մասնաշենքների նախագծման ժամանակ: Ջոն Կարապետյանը ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից 2011 թ-ին հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության դափնեկիր երկրաբանություն անվանակարգում: 2013թ-ին դարձել է Երկրի մասին գիտություններ բնագավառում ակադեմիկոս Ա. Նազարովի  երկրորդ կարգի մրցանակի դափնեկիր, բազմիցս ստացել է պատվոգրեր և շնորհակալագրեր:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
30.01.2019թ.