Новости
07/11/2018
Լեզվաբանները հարգանքի տուրք մատուցեցին մեծանուն հայագետին և գիտության հմուտ կազմակերպչին

   Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Բեգլարի Ջահուկյանին: Հանդիսությունը երկրորդն էր ակադեմիայի և լեզվի ինստիտուտի հիմնադրման ու զարգացման ակունքներում կանգնած մեծանուն լեզվաբաններին նվիրված միջոցառումների շարքում, որոնք լեզվի ինստիտուտը կազմակերպում է՝ ի նշանավորումն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակի:
   Լեզվի ինստիտուտին շնորհավորելու էին եկել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հ.Մաթևոսյանը, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու. Սուվարյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դ. Գյուրջին-յանը,  ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ տարբեր հաստատությունների, գրողների միության, բուհերի ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ:
   Իր բացման խոսքում ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը համառոտ  ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին` ընդգծելով Գ. Ջահուկյանի մեծ ներդրումը հայագիտության և ինստիտուտի զարգացման գործում:
Ողջունելով ներկաներին՝ ակադեմիկոս Յու. Սուվարյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը և հույս հայտնեց, որ հայ լեզվաբաններին նվիրված նման անդրադարձները շարունակական կլինեն, մանավանդ որ խնդիր է դրվում ոչ միայն գնահատելու նրանց վաստակը, այլև շարունակելու և զարգացնելու եղած ավանդները: «Ես երջանկություն եմ ունեցել աշխատելու ակադեմիկոս Ջահուկյանի հետ Հայերենի բարձրագույն խորհրդում, – նշեց Յու.Սուվարյանը: – Մեծ է նրա ներդրումը ընդհանուր և համեմատական լեզվաբանության ոլորտում, նրա դիտարկումները արժանի են համաշխարհային ճանաչման»: Իր խոսքում ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հիշեց Գ. Ջահուկյանի հետ առաջին հանդիպման և ծանոթության դրվագը` նշելով, որ ուսանողական տարիներից Գ. Ջահուկյանը իր համար անվիճելի հեղինակություն էր, հայագիտության հսկան: Շնորհավորելով լեզվի ինստիտուտի հիմնադրման 75 – ամյակը՝ Դ. Գյուրջինյանը ինստիտուտի աշխատակիցներին հաջողություն մաղթեց և ցանկացավ, որ առաջիկայում էլ հայ լեզվաբանները պահպանեն Գ.Ջահուկյանի որդեգրած և կրտսեր գործընկերներին փոխանցած գիտական աշխատանքի սկզբունքներն ու չափանիշները: ՀՀ սփյուռքի նախարարի և նախարարության աշխատակիցների անունից ողջույնի խոսք ասաց Հայկ Ենգիբարյանը: Շնորհավորելով հոբելյանի առիթով` նա մաղթեց, որ իր բարձր առաքելության մեջ ինստիտուտը միշտ հաջողի, և վստահություն հայտնեց, որ Սփյուռքի նախարարության ու լեզվի ինստիտուտի գործակցությունը կշարունակվի՝ ի նպաստ հայերենի տարածման և հայապահպանության: ՀՀ գրողների միության նախագահի, նախագահության վարչության անունից շնորհավորական խոսք ասաց միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Համալսարանում աշակերտած լինելով մեծ հայագետին՝ նա մի քանի դրվագ պատմեց Գ.Ջահուկյանի դասախոսություններից: Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը ողջույնի խոսքում նշեց. «Լեզվի ինստիտուտը կայացած և կարևորագույն հաստատություն է, որն իր գոյության 75 տարիների ընթացքում ստեղծել է մնայուն արժեքներ, և այդ ֆոնին ինստիտուտի կենսագրության մեջ եղել են անձինք, որոնք ոչ միայն նշանավոր գիտնականներ, այլև գիտության մեծ կազմակերպիչներ են եղել, գիտության բարձրագույն արժեքների դավանողներ՝ բարոյական վսեմ կերպարով:  Այդպիսին էր Գ. Ջահուկյանը»:

20181107_body.jpg
   Այնուհետև բանախոսեց ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ. Մերի Սարգսյանը՝ հանգամանալից ներկայացնելով Գ. Ջահուկյանի կյանքը և գիտական գործունեությունը: Մ. Սարգսյանն անդրադարձավ Գ. Ջահուկյանի հետա¬զոտության բոլոր ոլորտներին՝ հայերենի համեմատական քերականություն, հայ քերականական մտքի պատմություն, հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն, ժամանակակից հայոց լեզվի տեսություն, հնդեվրոպական և նոստրատիկ լեզվաբանություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության պատմություն, լեզվաբանության տեսություն և այլն : «Հարստացնելով լեզվաբանության բնագավառը նոր մտքերով, որոնք հանդես են գալիս որպես ամբողջական համակարգեր, փորձելով նպաստել հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի զարգացմանը՝ Գ. Ջահուկյանն իր աշխատություններում առաջ է քաշել լեզվաբանական զանազան խնդիրների լուծման ճշգրիտ ուղիներ: Կարելի է անվերապահորեն ասել, որ Գ. Ջահուկյանի շնորհիվ մի նոր բարձունքի է հասել հայ և համաշխարհային լեզվաբանական միտքը»,- ասաց նա: Բանախոսը ելույթը եզրափակեց Գ. Ջահուկյանի բանաստեղծություններից մեկով:
   Միջոցառման երկրորդ հատվածում մեծանուն հայագետի գործընկերներն ու սաները պատմեցին դրվագներ ու հուշեր Գ. Ջահուկյանի մասին, կրկին ու կրկին արժևորվեց մեծ գիտնականի վաստակը: ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Լավրենտի Հովհաննիսյանը նշեց. «Ովքեր ծանոթ են Ջահուկյանին, կփաստեն, որ նա, ինչ մասնագիտություն էլ ընտրեր, լինելու էր առաջինը այդ ասպարեզում: Երջանիկ ենք, որ առիթ ենք ունեցել մոտիկից ծանոթ լինելու նրան, շփվելու նրա հետ, լսելու նրա խորհուրդները: Նա համաշխարհային մեծ ճանաչում ունեցող գիտնական էր, մեծերի շարքում էր»: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն ընդգծեց, որ համալսարանում ևս վառ են պահում Գ. Ջահուկյանի հիշատակը, նրա անունով են անվանակոչել լսարաններից մեկը: Ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը հուշեր պատմեց Գ. Ջահուկյանի հետ իր աշխատանքային շփումներից: Բ.գ.դ. Ռոբերտ Թոխմախյանը խոսեց Գ. Ջահուկյանի գիտակազմակերպչական գործունեության մասին:
   Միջոցառումը եզրափակվեց «Ջահուկյանական ընթերցումներ» մատենաշարի 13-րդ պրակի շնորհանդեսով: «Ջահուկյանական ընթերցումներ» մատենաշարի ստեղծման պատմությունը ներկայացրեց ինստիտուտի գիտական քարտուղար, բ.գ.թ. Անահիտ Աբրահամյանը: Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բազմաթիվ հրատարակությունների շարքում առանձնանում է «Ջահուկյանական ընթերցումները», որը միաժամանակ հարգանքի ու գնահատանքի յուրատեսակ տուրք է վաստակաշատ գիտնականին, ղեկավարին, ավագ գործընկերոջը և մեծ ուսուցչին: 2006-2018 թվականների ընթացքում մատենաշարի պրակներում հրատարակվել է 380 հոդված, որոնց մեջ կան նաև Ջահուկյանի կյանքին և գործունեությանը նվիրված աշխատանքներ: Մատենաշարը թեմատիկ լայն ընդգրկում ունի՝ արդի հայերեն, հայոց լեզվի պատմություն, բարբառագիտություն, ընդհանուր և կիրառական լեզվաբանություն, համեմատական լեզվաբանություն, բառարանագրություն և այլն: Ա. Աբրահամյանը ընդգծեց մատենաշարի խմբագրական խորհրդի, հատկապես՝ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Նազիկ Հովհաննիսյանի ջանադիր աշխատանքը յուրաքանչյուր ժողովածուի խմբագրման, սրբագրման և հրատարակության պատրաստելու գործում: «Լեզվաբան-հետազոտողները յուրաքանչյուր միտք թղթին հանձնելիս նորից ու նորից պետք է մտածեն՝ տեսնես Ջահուկյանը ի՞նչ կասեր…»,- ամփոփեց Ա.Աբրահամյանը:



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск