Новости
18/10/2018
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստը

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ) նիստը:
    Նիստը գլխավորեց ԳԱՄԱ-ի նախագահ, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Վլադիմիր Գուսակովը: Նիստին մասնակցեցին  ԳԱՄԱ-ի փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ,  Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱՄԱ-ի փոխնախագահ, Բելառուսի ԳԱԱ աշխատակազմի ղեկավար Պյոտոր Վիտյազը, Ղազախստանի ԳԱԱ նախագահ Մուրատ Ժուրինովը, Ղրղզստանի ԳԱԱ նախագահ Մուրատ Ջումատաևը, Մոլդովայի գիտությունների ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան, Ռուսաստանի ֆունդամենտալ հետազոտությունների հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն, Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ Իգոր Շերեմետը, Ուկրաինայի ԳԱԱ փոխնախագահ Սերգեյ Պիրոժկովը, Վրաստանի ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Ռամազ Խուրոձեն,  Չինաստանի ԳԱ նախագահ Բաի Չուն Լին:
    Ղազախստանի ԳԱԱ նախագահ Մուրատ Ժուրինովը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ-ի 75-ամյա հոբելյանի առթիվ և հայտնեց, որ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Ղազախստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ:
    Քննարկվեցին ԳԱՄԱ-ի անդամ երկրների  ռազմավարության, գիտաինովացիոն զարգացման ծրագրերը: Քննարկվեց ԳԱՄԱ-ի հիմնադիր նախագահ  ակադեմիկոս Բորիս Պատոնի անվան մրցանակ սահմանելու մասին որոշման նախագիծը:

20181018_1.jpg
    ԳԱՄԱ-ի անդամ երկրների ներկայացուցիչները հանդես եկան իրենց երկրներում գիտության զարգացման գործընթացների մասին զեոկուցումներով և առաջարկություններով:
    ԳԱՄԱ-ի նախագահ Վլադիմիր Գուսակովը հայտարարեց, որ այդ ելույթների հիման վրա կհրատարկվի ԳԱՄԱ-ի հատուկ տեղեկագիրք:
    ԳԱՄԱ-ն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993 թ-ին ԱՊՀ երկրների և Վիետնամի գիտությունների ակադեմիաների պոտենցիալի միավորման նպատակով:  ԳԱՄԱ-ն կոչված է լուծելու կարևորագույն գիտական խնդիրներ, պահպանելու և զարգացնելու պատմականորեն ձևավորված գիտական կապերը: ԳԱՄԱ-ի որոշումները անդամ ակադեմիաների համար խորհրդատվական բնույթ են կրում: ԳԱՄԱ-ի գլխավոր նստավայրը Կիևում է:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
18.10.2018թ.