Նորություններ
10/10/2018
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա ԱՊՀ գիտնականների II Ֆորումը

    Սույն թվականի հոկտեմբերի 15-ին`ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ ) կմեկնարկի ԱՊՀ գիտնականների II Ֆորումը: 
    Ֆորումի հիմնական նպատակն է ակտիվացնել և զարգացնել ԱՊՀ երկրների գիտական հաստատությունների գիտատեխնիկական համագործակցությունը, խթանել համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակել առաջարկություններ ԱՊՀ երկրների ինովացիոն քաղաքականության զարգացման համար, ինչպես նաև նպաստել ԱՊՀ երկրների երիտասարդության շրջանում գիտության տարածմանը, փորձի փոխանակմանը:
    Ֆորումի պլենար նիստի ընթացքում ԱՊՀ պետությունների գիտնականները հանդես կգան ԱՊՀ-ում գիտության զարգացման հարցերի վերաբերյալ ելույթներով:
    Ֆորումի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կանցկացվեն կլոր սեղաններ` «Հիմնարար գիտության վիճակը և զարգացման հեռանկարները», «Գիտական համագործակցության կատարելագործումը թվային դարաշրջանում», «Ինովացիոն գիտական հետազոտությունները» թեմաներով:
    Միջոցառման ավարտին Ֆորումը կընդունի հռչակագիր:
    ԱՊՀ գիտնականների II Ֆորումը կանցկացվի ԱՊՀ երկրների` հումանիտար ոլորտում համագործակցության 2017-2018թթ. պլանի համաձայն: 
    Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համագործակցությամբ և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի անցկացմանն աջակցել են` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
10.10.2018թ.