Новости
10/09/2018
ԲՈԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպվեց քննարկում

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ ԳԱԱ ղեկավարության, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների անդամների, գիտական հանրության ներկայացուցիչների միջև: Հանդիպման սկզբում  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ներկաները շնորհավորեցին Սմբատ Գոգյանին ԲՈԿ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 
    Սմբատ Գոգյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահությանը՝ քննարկումը հյուրընկալելու համար և նշեց, որ 2005 թվականից ի վեր հպարտությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում: Այնուհետև նա ներկայացրեց գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդներում տիրող իրավիճակը: Խոսք գնաց մասնագետների տարիքի, ընդդիմախոսների անպատասխանատու վերաբերմունքի, ամսագրերի կողմից մեկ ժամում գրախոսություն կազմակերպելու և այլ մտահոգիչ երևույթների մասին:

20180910_1a.jpg
     Հանդիպման բոլոր մասնակիցներն էլ համաձայնեցին, որ պետք է քայլեր կատարվեն իրավիճակը փոխելու համար: Սմբատ Գոգյանը հայտարարեց աշխատանքային խմբերի ստեղծման մասին և գիտնականներին հրավիրեց ընդգրկվել իրենց նախասիրած խմբում: 4 խմբերից յուրաքանչյուրում գրանցվեցին 8-10 գիտնականներ:  ԲՈԿ-ը կհամակարգի այդ խմբերի աշխատանքները: Նախատեսվում է, որ երկու ամսվա ընթացքում խմբերը հանդես կգան կոնկրետ առաջարկություններով և դրանց շուրջ կկազմակերպվեն քննարկումներ: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց տարվա վերջում ևս մեկ անգամ հանդիպել և ամփոփել աշխատանքների արդյունքները: 
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հիմնական նպատակն է ունենալ բարձ որակավորում ունեցող կադրեր և  համապատասխան մակարդակի ատենախոսություններ: 
    Վերջում Սմբատ Գոգյանը նշեց, որ ԲՈԿ-ը մինչ այժմ իր ունեցած ոստիկանական կեցվածքից անցնելու է բժշկական կեցվածքի և օգնելու է ԲՈՒՀ-երի և գիտական հիմնարկների գիտական ներուժի բարձրացմանը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10.09.2018թ.