Նորություններ
28/08/2018
Ռազմիկ Աբրահամյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

   Օգոստոսի 24-ին լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանի ծննդյան 75-ամյակը:
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանը մի շարք գիտական միավորումների պատվավոր անդամ է, «Մանկաբարձություն, գինեկոլոգիա եւ նեոնատոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ, ավելի քան 435 գիտական աշխատանքների, 8 մենագրության և 5 դասագրքի հեղինակ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են տասնյակ դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:
   Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ կարճ ժամանակահատված աշխատել է որպես մարզային բժիշկ, ինչից հետո ուսումը շարունակել արդեն Մոսկվայում` ակադեմիկոս Ա. Ս. Պերսիանինովի ղեկավարությամբ: Այնուհետև Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը: Այդ ժամանակահատվածում Ռ. Ա. Աբրահամյանն արդեն հասցրել էր մի շարք նվաճումներ ունենալ մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ծառայության կազմակերպման գործում, ստեղծել գիտագործնական և կադրային բազա:
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանն ականավոր վիրաբույժ է: Նա կյանքի պաhպանմանն ուղղված արտակարգ և ատիպիկ որոշումների, կայծակնային և արագ իրավիճակային վերլուծությունների վարպետ է, առողջապահության փայլուն կազմակերպիչ:

28.08.2018_body.jpg
   1998 թ.-ից մինչ օրս Ռ. Ա. Աբրահամյանը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահը:
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանը ստեղծել է  Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, որը հայտնի է ոչ միայն մեր երկրում: Արդեն 90-ականների սկզբին ինստիտուտում սկսեց գործել ՀՀ-ում առաջին Արտամարմնային բեղմնավորման լաբորատորիան: Սա առաջին լուրջ փորձն էր վերարտադրողական խնդիրների և, որպես արդյունք, ժողովրդագրական խնդիրների լուծման ասպարեզում:
   1990 թ. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում իր կողմից ստեղծված Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնն ակտիվ գիտակրթական գործունեություն է իրականացնում:
   Հատկանշական է, որ նրա բոլոր պատվավոր կոչումներից և մրցանակներից Ռ. Ա. Աբրահամյանն առավել հպարտ է «Հանրապետության վաստակավոր բժիշկ» կոչումով:
   2000թ.-ին գիտական ձեռքբերումների համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ընտրեց Ռ. Ա. Աբրահամյանին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 2014 թ.-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
   Ցանկանում ենք հատկապես նշել, որ Ռ. Ա. Աբրահամյանի ամբողջ գործունեության ընթացքում մեծ դեր է կատարել նրա ընտանիքը, որն իր զգալի ներդրումն ունի մեր հանրապետության պրակտիկ բժշկության զարգացման մեջ:
   ՀՀ ԳԱԱ նախագահությունը և բնական գիտությունների բաժանմունքը շնորհավորում են Ռազմիկ Աբրահամյանի հոբելյանը, ցանկանալով նրան առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ:



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում