Новости
07/10/2026
IRPhE 2026 միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2006-2021թթ. նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի 90-ամյակին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաների, անլար կապի և օպտոէլեկտրոնիկայի միջազգային գիտաժողովը (IRPhE 2026)»՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2006-2021թթ. նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 90-ամյակին։

Գիտաժողովը միավորեց գիտական հաստատությունների, համալսարանների և տեխնոլոգիական ընկերությունների ավելի քան 60 ներկայացուցչի Հայաստանից և արտերկրից։

Գիտաժողովի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին՝ վերհիշելով նրա գիտական գործունեությունն ու մասնագիտական ձեռքբերումները։ Մասնակիցներն ընդգծեցին ակադեմիկոսի նշանակալի ներդրումը ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի զարգացման մեջ, ինչպես նաև նրա կարևոր դերակատարությունը նոր սերնդի մասնագետների պատրաստման գործում։

Այնուհետև, քննարկվեցին ռադիոֆիզիկայի, միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաների, անլար կապի և օպտոէլեկտրոնիկայի ոլորտներում նորարարությունները և համագործակցությունը։

Հատուկ ուշադրություն դարձվեց ժամանակակից ռադիոֆիզիկայի և հարակից տեխնոլոգիական ուղղությունների առանցքային թեմաների, ինչպիսիք են միկրոալիքային սարքերը, ալեհավաքները, ալիքների տարածումն ու հեռազննումը, տերահերցային տեխնիկան, սպեկտրոսկոպիան և դրա կիրառությունները, միկրոալիքային ֆոտոնիկան, անլար կապը և հարակից տեղեկատվական տեխնոլոգիաները։ Անդրադարձ եղավ այլընտրանքային կիսահաղորդչային և դիէլեկտրիկ նյութերի, ինչպես նաև էլեկտրոնային և օպտոէլեկտրոնային սարքերի ուսումնասիրություններին։

IRPhE 2026-ը հարթակ ստեղծեց գիտական նոր արդյունքների ներկայացման, տարբեր երկրների հետազոտողների միջև համագործակցության ընդլայնման, նոր հետազոտական ուղղությունների քննարկման համար։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
07․10․2026թ․