Նորություններ
30/09/2026
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմայով նամականիշի մարման արարողությունը

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը։

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը,  Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Արիապատիվ Անտե Արքեպիսկոպոս Յոզիչը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդ Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մարման արարողությանը հաջորդեց գիտաժողով։ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին։ «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակի թեմային նվիրված նամականիշի մարման արարողությունը պետական և ակադեմիական հարգանքի տուրք է նրա վաստակի նկատմամբ։ Գիտությունների ազգային ակադեմիայի համար Սեբաստացու ժառանգությունը նախևառաջ գիտական կազմակերպվածության, ինստիտուցիոնալ մտածողության և լուսավորչական առաքելության օրինակ է», - ասաց Պավել Ավետիսյանը։

 

Խոսելով Մխիթար Սեբաստացու թողած  ժառանգության մասին՝ Պավել Ավետիսյանն ասաց․ «18-րդ դարը Եվրոպայում նշանավորեց լուսավորության դարաշրջանով։ Այն իր էությամբ աշխարհիկ մտավոր շարժում էր, որի հիմնական դերակատարները փորձում էին գիտությունը, կրթությունը և հասարակական զարգացումը դուրս բերել ավանդական կրոնական, եկեղեցական ինստիտուտների ազդեցությունից։ Սեբաստացին գործում էր հենց այդ դարաշրջանում Վենետիկում։ Նա քաջատեղյակ էր եվրոպական մտավոր զարգացումներին, գիտելիքի կազմակերպման, դասակարգման, հրատարակչական գործի նորագույն մեթոդներին։ Սակայն նա չպատճենեց եվրոպական աշխարհիկ լուսավորական մոդելը, այլ ստեղծագործաբար ադապտացրեց դրա առաջադեմ գաղափարներն ու մեթոդաբանությունը քրիստոնեական, եկեղեցական-վանական գործունեությանը։ Նա Եվրոպական լուսավորության գիտական ու կրթական գործիքակազմը ներդրեց եկեղեցական ինստիտուտի ներսում՝ վանական միաբանությունը վերածելով լուսավորչական և գիտական հզոր կենտրոնի։ Այս ադապտացիայի շնորհիվ Մխիթարյան միաբանությունում համադրվեցին հավատը, ակադեմիական գիտելիքը, կրոնական առաքելությունն ու աշխարհի գիտության զարգացումը»։ 

Նա նշեց, որ Սեբաստացին դարձավ հայկական լուսավորչականության հիմնադիրը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է համաշխարհային առաջադեմ գաղափարները տեղայնացնել, հարմարեցնել սեփական ժողովրդի պատմական կարիքներին և դրանք դարձնել ազգային զարգացման շարժիչ ուժ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
30․09․2026թ․

Լուսանկարներ