Նորություններ
14/05/2026
Եվրոպայի օրվան նվիրված ցուցահանդեսին ՀՀ ԳԱԱ-ն ներկայացրեց ERNA նախագիծը

«Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության․ դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան»․ այս կարգախոսով սույն թվականի մայիսի 10-ին Երևանի Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված ցուցահանդեսին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)` որպես համակարգող, ներկայացրեց ERNA "European Researchers’ Night in Armenia" նախագիծը։ 

ՀՀ ԳԱԱ-ի ERNA "European Researchers’ Night in Armenia" նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող "MSCA & Citizens 2025" մրցույթում, որն իրականացվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» ծրագրի շրջանակում (MSCA)։ Հարկ է նշել, որ «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» ծրագիրը դոկտորական կրթության և հետդոկտորական վերապատրաստման ոլորտում Եվրոպական միության առաջատար նախաձեռնությունն է, որը 2026 թվականին նշում է իր 30-ամյակը։ 1996 թվականից ի վեր ծրագիրը կարևոր դեր է խաղացել հետազոտության և նորարարության զարգացման գործում՝ աջակցելով ավելի քան 150,000 հետազոտողի, այդ թվում՝ 23 Նոբելյան մրցանակակիրների։

Ծրագիրը դարձել է եվրոպական հետազոտական համակարգի հիմնասյուներից մեկը և գիտական գերազանցության խորհրդանիշ՝ խթանելով շարժունությունը գիտակարգերի, ոլորտների և երկրների միջև, ինչպես նաև նպաստելով լավագույն տաղանդների ներգրավմանը և զարգացմանը։

ERNA նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Նախագծի շրջանակում 2026-2027 թվականներին Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն «Եվրոպական հետազոտողների գիշեր» և «Հետազոտողները դպրոցներում» լայնածավալ գիտահանրամատչելի միջոցառումները։ Նպատակն է մոտեցնել գիտությունն ու հետազոտողներին հասարակությանը և ցույց տալ գիտության դերը մեր առօրյա կյանքում։ ERNA-ն հրավիրում է գիտությունը բացահայտել հետաքրքիր ձևով, հասկանալ, թե ինչպես է հետազոտությունը նպաստում հասարակական մարտահրավերների լուծմանը, ծանոթանալ գիտական բացահայտումների հետևում կանգնած մարդկանց։ 

Եվրոպայի օրվան նվիրված ցուցահանդեսին մասնակցեցին այն հայ հետազոտողները, ովքեր մասնակցել են MSCA ծրագրերին։ Մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ 

Եվրամիության դեսպանը նշեց՝ Եվրոպայի օրը խորհրդանշում է միասնություն, համագործակցություն և խաղաղություն։ Իսկ ԵՄ-Հայաստան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, որոնք արդար ու բարեկեցիկ հասարակության հիմքն են։ Նա կարևորեց Հայաստանի կառավարության և Հայաստանի ժողովրդի հետ միասին ամուր գործընկերությունը, որի վկայությունն է օրերս Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ 

 

Այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է «Հայաստան-ԵՄ. ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշեց, որ այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ՝ թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության, և թե՛ մարդկանց միջև ձևավորվող և առավել զարգացող կապերի առումով։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
13.05.2026թ.

Լուսանկարներ