Новости
23/04/2026
Հայաստանում և հարակից երկրներում պետականության, ինքնության և էթնոքաղաքական գործընթացների վերաբերյալ զեկուցումներ ներկայացվեցին միջազգային աշխատաժողովներում

Սույն թվականի ապրիլի 22-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի,  ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Լեհաստանի Սեդլցեի համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեցին «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» և «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» աշխատաժողովները։

Աշխատաժողովների մասնակիցներին ողջունեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը: Նա նշեց, որ ընտրված են կարևոր թեմաներ  քննարկման համար, որոնք անդրադառնում են մեր ինքնությանը, պետականաշինությանը Հարավային Կովկասում էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումներին։

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը, ողջունելով  մասնակիցներին, շեշտեց միջազգային ակադեմիական երկխոսության և համագործակցության կարևորությունը: «Այս հանդիպումը միավորել է առաջատար մասնագետներին՝ քննարկելու հիմնարար հարցեր՝ կապված պետականության զարգացման, պատմական վերափոխման և ինչպես նաև ինքնության և միֆաստեղծման ձևավորման բարդ դինամիկայի հետ։ Այս թեմաները մեծ նշանակություն ունեն ժամանակակից տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերները հասկանալու համար», - ասաց Արմեն Սարգսյանը։

Լեհաստանի Սեդլցեի համալսարանի դոկտոր Կատարժինա Մակսիմիուկը, շնորհակալություն հայտնելով հայ գործընկերներին, կարևորեց շարունակական համագործակցության ձևավորումը։

Նոր համագործակցության առաջարկով հանդես եկավ նաև Վրաստանի Իլիայի համալսարանի Գեորգի Ծերեթելիի անվան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գեորգի Սանիկիձեն։ Նա նշեց, որ այդ համագործակցության արդյունքները կարող են նշանակալի ազդեցություն ունենալ համաշխարհային մակարդակում։

Վրաստանի Իվանե Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Գեորգի Ճեիշվիլին շեշտեց աշխատաժողովի թեմաների արդիականությունը՝ դրանց գիտական և քաղաքական նշանակության տեսանկյունից։

Գիտական զեկուցումներով հանդես եկան առաջատար մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և Լեհաստանից` ներկայացնելով պետականության զարգացումը Հայկական լեռնաշխարհում մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում (Հայասայի օրինակով), Իսլամական վերնախավերով պետական կազմավորումները Հայաստանի տարածքում, էթնոքաղաքական գործընթացներն Աղվանքում, ինքնությունների արդիականացումը ծայրամասային կապիտալիզմի ազդեցության ներքո, Վրաստանի պետական քաղաքականությունն Աջարիայի մուսուլմանների նկատմամբ, հակաբազմակարծությունը՝ որպես քաղաքական մշակույթի առանձնահատկություն հետխորհրդային շրջանում և այլ թեմաներով։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
23.04.2026թ.